Հարսանեկան լավաշի խորհուրդը

Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2 հազարամյակներում: Այդ են վկայում մի շարք հնավայրերում հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիր:

Հազարամյակներ շարունակ հայերը օգտագործել են լավաշ տեսակի հաց, հնում այն թխվել է սաջի վրա, ավելի ուշ շրջանում կավից ու աղյուսից պատրաստված թոնրում:

Լավաշը հայերից բացի օգտագործել են նաև այլ ազգեր, և դա է պատճառը, որ հացի այս տեսակը ստեղծման առումով չի էթնիկացել, սակայն առանձնացել է պատրաստման եղանակով ու կենցաղում օգտագործելու ձևերով:

Լավաշը մի ամբողջ ժողովրդի պատմությունն է կրում, վիշտն ու փառքը: Դուք կարող եք սեղան դնել լավաշով, դուք կարող եք պայքարել լավաշով և նույնիսկ հպարտանալ: Լավաշը յուրաքանչյուր հայ ընտանիքի սննդակարգի առանձնահատուկ և կարևոր մասն է: Այն թխվում է հին հայկական ավանդույթի համաձայն, գետնափոր, կավե ջեռոցում, որը կոչվում է «թոնիր»:Գետնափոր, կավե թոնիրը, որպես ջեռոց և որպես ջերմամշակման գործիք, հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:

Խորհրդանշելով հայ ժողովրդի սերը, հարգանքն ու առատաձեռնությունը՝ լավաշը սեղանի վրա է դրվել մեծ ակնածանքով և հարգանքով: Հազարամյակներ շարունակ լավաշը եղել է հայ մարդու կյանքի ուղեկիցը ամենուր, անգամ հարսանեկան արարողության ժամանակ:

Հայոց ազգային սովորություններից է հարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում  է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախը ուր հարս է գնում: Ինչպես նաև՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է չար աչքից ու ապահովում նորապսակների հաջողությունը:

Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսնիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում, որպես հաջողության ու երջանկության խորհրդանիշ:

Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից:Նա այնքան տարված էր իր ամուսնության հեռանկարով, որ անգամ չէր էլ նկատել, թե ինչպես է ընկել լավաշը: Իսկ Արամազդն էլ զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:Այսպես Վահագնն  ու  Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:Եվ մինչ այսօր, հարսնիքի ժամանակ, հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ