Դանակահարություն Երևանում. Դավիթաշենում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտից դանակահարված 2 տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել, հայտնել է shamshyan.com-ը:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:

Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խումբը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, ժամը 03:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Դեպքի վայրից հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են. Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մ.-ն և 40-ամյա Էդգար Ն.-ն:

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև՝ արդյոք այդ ժամանակ կրակոցներ հնչել են, թե՝ ոչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ