Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) Երևանի բժշկական կենտրոններին նվիրաբերել է թոքերի արհեստական շնչառության վերջին սերնդի սարքեր, որոնք միտված են կյանքեր փրկելու։
Կոմբինատի նվիրաբերությամբ Սբ Գր․ Լուսավորիչ բժշկական կենտրոնը համալրվել է թոքերի արհեստական օդափոխության 4 սարքով, որոնք անհրաժեշտ էին հատկապես այս օրերին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
«ԶՊՄԿ-ն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, նաև հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, որոշում կայացրեց թոքերի արհեսատական օդափոխության սարքեր ձեռք բերել և տրամադրել Հայաստանի և Արցախի Հանրապետության բժշկական կենտրոններին»,-կոմբինատրի ֆեյսբուքյան էջում հրապաևակած տեսանյութում տեղեկացրել է ԶՊՄԿ վարչական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանը։
Հիվանդանոցներին նվիրաբերած թոքերի արհեստական շնչառության վերջին սերնդի սարքերի ձեռքբերմանը նախորդել են հայ և չինացի մասնագետների մասնակցությամբ քննարկումները՝ առավել արդյունավետ մոդելներն ընտրելու շուրջ։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանի խոսքով, սարքերը շատ արդյունավետ են ու անհրաժեշտ, քանի որ կորոնավիրուսով հիվանդների մոտ հաճախ են զարգանում շնչառական խնդիրներ։ Նա նշեց, որ սարքերը պետք կլինեն նաև համավարակի ավարտից հետո՝ շնչառական այլ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժելու համար։
ԶՊՄԿ վարչական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանի խոսքով, բժշկական կենտրոններին օգնելու որոշում կոմբիանտը կայացրել է համարավարակի հենց առաջին օրերին, պայմանավորված լոգիստիկ խնդիրներով՝ դրանք ուշ հասան Հայաստան։
«Երկիրից երկիր տեղափոխել բժշկական սարքավորումներ մի քիչ դժվար էր»,-աում է նա։
Եվս երեք սարք տրամադրվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին։ Կենտրոնի Ինֆեկցիոն կլինիկայի պատասխանատու Հայկ Անտոնյանը նշում է, որ հիմա ամբողջ աշխարհում, կորոնավիրուսով պայմանավորված, շնչառական սարքերի պակաս կա։
«Սարքերը չեն հերիքում, քանի որ կորոնավիրուսը շատ դեպքերում ուղեկցվում է ծանր թոքաբորբով։ Այս սարքերը մեզ կօգնեն պայքարել մարդկանց առողջության համար»,-ասում է նա։
Եվս երկու սարք կտրամադրվի Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը։ Կոմբինատից խոստանում են, որ օգնությունը շարունակական է լինելու։ Իսկ մինչ այդ նման սարքեր ու բժշկական այլ պարագաներ կոմբինատը նվիրել է Սյունիքի մարզի քաղաքների բժշկական կենտրոններին։