«Մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն, մարդիկ մեր աչքի առաջ մահանան». ՀՀ պարետ

Ընդունված որոշումներն իրագործման առումով խնդրահարույց են լինելու. մասնավորապես, ասվում է, որ հանրային միջոցառումներին կարող են մասնակցել մինչեւ 5 մարդ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում դիմելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Պատկերացրեք, ռեստորանում սեղանի շուրջ նստած են 5 հոգի, եւ դահլիճում կա 100 սեղան: Այսինքն 500 մարդ կարող է նստել, բայց մենք ասում ենք՝ հարսանիքներն արգելվում են: Այսինքն կարող են 500 հոգով նստել ու այդ հարսանիքն իրականացնել: Ստացվի, որ կարգ չեն խախտել: Մյուս կողմից, եթե պետք է դիմակով սննդի օբյեկտում նստեն, րոպեն մեկ պետք է դիմակը հանի մի կտոր հաց ուտի, հետո դնի՞»,-ասաց նա՝ կոչ անելով չւնդունել որոշումներ, որոնք չեն իրագործվելու:

Ի պատասխան Ավինյանն ասաց. «Ձեր ասած 5 հոգանոց սեղաններով հարսանիք կազմակերպելը հնարավոր չէ, որովհետեւ դա ոչ թե 5 հոգանոց այլ 500 հոգանոց միջոցառում է, որն արգելվում է: Այդ դեպքում ոստիկանությունը գալու է, կասեցնելու է եւ տուգանելու է այդ անձանց:

Եթե դուք ասում եք, որ դիմակ կրելն անհարմարություններ է պատճառում, ես ձեզ վստահեցնում եմ, որ վարակվելն ավելի մեծ անհարմարություններ է պատճառելու: Այդ վարակի տարածումը հասարակության համար խնդիր է դառնում: Շատ երկրներ դրա միջով անցել են, եւ մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն, մարդիկ մեր աչքի առաջ մահանան: Այո, անհարմար է, այո, թանկ է, բայց այս պահանջները նրա համար են, որ չգնանք վատ երկրների սցենարով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ