Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
1978 թվականին ծնված Արմեն Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Դեպքից հետո Արմեն Գ.-ն անազատության մեջ է եղել 3 օր, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի մարտի 24-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Արմեն Գ.-ն իրեն պատկանող մեքենայով իր սանիկի հետ երթևեկել է Հրազդանի կիրճով՝ դեպի Հալաբյան փողոց: Մեքենայի մեջ քավորի ու սանիկի միջև վիճաբանություն է ընթացել գումարային խնդիրների հետ կապված. Արմեն Գ.-ի երաշխավորությամբ նրա սանիկը այլ անձից 20 հազար դոլար պարտք էր վերցրել, պարտքը ժամանակին չէր մարել ու մարումը ձգձգում էր:
Ստեղծված իրավիճակում Արմեն Գ.-ն, հայտնվելով ծանր կացության մեջ ու պատասխանատվություն կրելով իր տված երաշխավորության համար, պահանջում էր, որ սանիկը վերցրած պարտքը մարի:
Մեքենայում վիճաբանությունը թեժացել է, ըստ մեղադրանքի՝ Արմեն Գ.-ն մեքենայի առջևի ձախ դռան պահոցային մասից դանակ է վերցրել ու հարվածներ հասցրել իր կողքին նստած սանիկի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ թուլակողի շրջանի առաջնային մակերեսի թափանցող, ծակած-կտրած վերքերի ձևով:
Դատարանում Արմեն Գ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար:
Դատարանը տուժողի ներկայությունն ապահովելու ուղղությամբ բազմաթիվ քայլեր է ձեռնարկել, բայց պարզվել է, որ նա 2019 թվականի նոյեմբերի 6-ին հեռացել է ՀՀ-ից:
Դատարանն արձանագրել է, որ Արմեն Գ.-ն դրական է բնութագրվում: Նրա խնամքին են 9 և 1,5 տարեկան երկու երեխաները:
Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանն ի հայտ չի բերել:
Դատարանը հաշվի է առել, որ այս գործում առկա են մի շարք առանձնահատկություններ: Մասնավորապես՝ հանցագործության կատարմանը որոշակի առումով նպաստել է տուժողի վարքագիծը, քանի որ վիճաբանությունն առաջացել է հենց տուժողի կողմից նախնական պայմանավորվածությունը չպահելու արդյունքում:
Դատարանն արձանագրել է, որ տուժողն ու ամբաստանյալը ունեցել են հարազատական՝ քավոր-սանիկական հարաբերություններ, նրանց միջև թշնամանք չի եղել, ամբաստանյալը նախապես ծագած դիտավորությամբ չի գործել ու դանակը տվյալ արարքը գործելու համար չի պահել: Մեքենայի մեջ ծավալված խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում է, որ ամբաստանյալը մեքենայի պահոցին ձեռքը գցելով՝ վերցրել է այնտեղ գտնվող դանակը ու հարվածներ է հասցրել:
Դատարանն արձանագրել է՝ «թեև ընդունելի է, որ հարվածը եղել է տուժողի սրտի հատվածում, սակայն քրեական գործում չկան տվյալներ, որ Արմեն Գ.-ն կոնկրետացված դիտավորությամբ ցանկացել է հարվածել հենց տուժողի սրտի հատվածին»:
Տուժողի կողմից նախաքննության ու դատաքննության փուլերում Արմեն Գ.-ի դեմ բողոք, պահանջ չի ներկայացվել:
Դատարանն արձանագրել է. «Փոխարենը՝ տուժողի պարտքերը մարվել են ամբաստանյալի կամ նրա հարազատների կողմից». քրեական գործում առկա են ստացականներ 13 հազար 900 դոլար պարտքի մարման վերաբերյալ:
Դատարանն անդրադառնալով ամբաստանյալի դրսևորած վարքագծին, արձանագրել է, որ Արմեն Գ.-ն ընդունել է մեղքը, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է, լինելով ազատության մեջ՝ չի խուսափել գործի քննությունից, հակաօրինական այլ արարք չի կատարել:
Դատարանն արձանագրել է, որ նախաքննական մարմնին ամբաստանյալի կողմից ուղղված նամակի բովանդակությունը ողջամտորեն վկայում է այն մասին, որ Արմեն Գ.-ն արարքը կատարելուց հետո գտնվել է հոգեբանական շատ ծանր վիճակում, ըստ իրեն՝ գործել է ընտանիքի բարօրության, անվտանգության շահերից ելնելով:
Արարքը կատարելուց հետո նա ինչ-որ պահի նույնիսկ ցանկացել է վերջ տալ իր կյանքին՝ չհաշտվելով սեփական արարքի հետ…
Դատարանը հաշվի է առել թվարկված հանգամանքները, ինչպես նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Արմեն Գ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նրա՝ արգելանքի տակ գտնված 3 օրը:
Նշանակված պատիժը դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրողը՝ պահանջելով անթույլատրելի ճանաչել պայմանական դատապարտության կիրառումը, Արմեն Գ.-ին դատապարտել իրական ազատազրկման՝ հանրության համար արարքի վտանգավորության աստիճանին ու բնույթին համաչափ պատժի:
Այս գործով առաջիկա նիստը վերաքննիչ դատարանում նշանակված է հունիսի 2-ին:
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական