ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:
Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին:
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, դեպքերի վերաբերյալ նախաքննությունը կատարում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, թե խոսքը Արմեն Աշոտյանի մասին է։ Վերջինս անդրադարձել է թեմային՝ գրելով․
Հարգելի ընկերներ և լրագրողներ: Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն: Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը:
Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով: Շնորհակալ եմ աջակցության, հետաքրքրության և զորակցության համար: