«Փաստ» թերթը գրում է. «Երիտասարդական պալատը վերականգնելու համար նախորդ տարի քաղաքացիական նախաձեռնություն էր ստեղծվել, որտեղ ընդգրկվել էին տարբեր բնագավառների ներկայացուցիչներ ու արվեստագետներ: 2019թ. ամռանը ժողով էր եղել, որտեղ այս հարցով մշտական զբաղվելու որոշում էր կայացվել:
Այս մասին «Փաստի» հետ զրույցում պատմեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը ևս ներգրավված է աշխատանքներում: Սա միայն նախապատմությունն էր: Մեր զրույցի թեման այն արդյունքն է, որին արդեն այս փուլում հասել են նախաձեռնության անդամները: Օրերս Երիտասարդական պալատի վերականգնման եռաչափ մոդելն է ներկայացվել, որի հեղինակը «A3 Architects» ճարտարապետական արվեստանոցն է:
«Անցած տարվա ամռանը տեղի ունեցած ժողովին հաջորդեցին ուսումնասիրությունները, ի վերջո, եկանք այն հայտարարի, որ Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար: Նաև նամակ ենք գրել կառավարությանն ու պետական գույքի կառավարման կոմիտեին:
Այնտեղ ներկայացրել ենք այն իրավական հիմքերը, որոնք պետք է ուսումնասիրվեն, որովհետև պայմանագիրը, որով սեփականաշնորհված էր երիտասարդական պալատը, կատարված չէր, և կային բազմաթիվ խախտումներ:
Այդ ամենին զուգահեռ՝ սկսեցինք կազմել գծագրեր, և այդ գծագրերի հիման վրա ստեղծեցինք վերականգնման եռաչափ մոդելը»,ասաց ճարտարապետը՝ նշելով, որ այս պահին աշխատանքները կարանտինի պատճառով սառեցված են:
«Երիտասարդական պալատի սեփականաշնորհման գործընթացում ինձ համար դեռ մինչ այսօր անհասկանալի հարցեր են մնացել: Նախ՝ այն սեփականաշնորհվեց կոպեկներով, նաև վերակառուցման ինչ-որ նոր նախագծեր ներկայացրեցին, որոնցից և ոչ մեկը չընդունվեց ու չսիրվեց ժողովրդի կողմից:
Ի վերջո, այն պարզապես քանդեցին, և երկար տարիներ Երիտասարդական պալատի տարածքն անօրինական, առանց լիցենզիայի ծառայեց որպես բազալտի մշակման տեղ:
Ըստ պայմանագրի, պետական ներդրումային ծրագիր պետք է լիներ, 5 մլն դոլար գումար պետք է ներդրվեր երիտասարդական պալատն արդիականացնելու նպատակով: Դրա փոխարեն, սակայն, շենքը քանդեցին ու գրեթե 8 տարի քաղաքի կենտրոնում բազալտե խիճ էին աղում»,-ասաց նա:
Հեղինակները դեռ չեն հաշվարկել, թե որքան գումար և ժամանակ է պետք Երիտասարդական պալատի վերականգնման համար: