««Լուսավոր Հայաստանը» կապ չունի Միքայել Մինասյանի հետ»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կապ չունի ո՛չ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացած նախկինների հետ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց Էդմոն Մարուքյանը և հայտնեց, որ այլևս իրենց խմբակցությունից որևէ մեկը նախկին իշխանությունների հետ կապի մասին որևէ հարցի չի պատասխանելու։

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքին անդրադառնալով՝ Մարուքյանն ասաց, որ իշխանության անդամները ստում են, երբ ասում են, թե իրենց խմբակցությունը պայքարում է այդ օրենքի դեմ։

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը բերվել է խորհրդարան, «Լուսավոր Հայաստանը» ողջունել է, ներկայացրել է առաջարկներ, որ օրենքը լավը դառնա և չվնասի ներդրումային միջավայրին»,- նշեց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ իրենց 27 առաջարկներից ընդունվել են 1-2-ը, դրա համար էլ իրենք ձեռնպահ են քվեարկել։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին էլ անդրադառնալով՝ Մարուքյանը նշեց. «Ես ամբիոնից համերաշխության կոչ եմ արել, իսկ Ալեն Սիմոնյանը ամբիոնից նշել է, որ հեղափոխության ժամանակ մարդկանց փողոցում ծեծելիս են եղել, ինքը մեզ նամակ է գրել, և մենք դուրս չենք եկել շենքից։ Ես վրդովվել եմ այդ ստի համար և ասել եմ՝ սուտ ես խոսում։ Որից հետո նա վիրավորել է տիկին Սամսոնյանին, որից հետո վիրավորել է ինձ, որից հետո ես արձագանքել եմ՝ հայտնի խոսքը ասելով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ