Կարանտինից դուրս եկած Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել

Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի հարյուր տոկոսանոց վճարում: Բանն այն է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով առողջության կենտրոնի բուժաշխատողների մի մասին  տեղափոխել էին բուժման՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներին հրահանգել ինքնամեկուսանալ. բուժհաստատության աշխատանքը կասեցվել էր:

Երկուշաբթի օրվանից աշխատանքի վերադարձած բուժաշխատողները տեղեկացել են, որ իրենց հարկադիր պարապուրդի դիմաց ապրիլ ամսվա աշխատավարձը վճարելու են 80 տոկոսով, ինչպես վճարում են անաշխատունակության թերթիկով:

«Աշխատանքի վերադառնալ մեզ թույլ չէին տալիս, մենք մեկուսացումից առաջ և հետո երկու անգամ թեստ ենք հանձնել, պատասխանները եղել են բացասական, մարզպետարանի առողջապահության վարչությունից պահանջում էին, որ հանձնենք նաև երրորդ թեստը, բայց մենք բոյկոտեցինք: Օրենքը լավ գիտեինք, որ պետք է երկու թեստ հանձնենք: Վարչությունից ասում էին, որ մինչև երրորդ թեստը չհանձնեք, աշխատանքի չգաք, նախարարի հրամանն է, բայց մեզ գրավոր ոչ մի փաստաթուղթ ցույց չէին տալիս, միայն բանավոր էր ամեն ինչ: Ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր աշխատակիցներս չհանձնեցինք, որովհետև եթե երկու թեստավորման արդյունքները բացասական են, մենք իրավունք ունենք անցնելու աշխատանքի ու եկանք աշխատանքի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Մարալիսկի առողջության կենտրոնի ընտանեկան  բուժքուր Աննա Այվազյանը:

«Երկրում ինֆեկցիոն համաճարակային իրավիճակ էր, բայց մեր բուժաշխատողները ոչ մի բանով պաշտպանված չէին՝ ո՛չ ձեռնոցներ ունեինք, ո՛չ ախտահանիչներ, աշխատում էինք ամբողջ օրը, ժողովուրդը տագնապի մեջ դիմում էր պոլիկլինիկա, ու մենք առանց պաշտպանվելու սպասարկում էինք բնակիչներին»,- ասել է Մարալիկի առողջության կենտրոնի լաբորանտ Արմինե Այվազյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ