Նոր մանրամասներ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի քրեական գործից

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Վերջիններիս հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի ( Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) և 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։

ՀՔԾ-ից «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ նախաքննություն է կատարվում, մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, կապված «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ միջադեպի վերաբերյալ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է.

«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե քննչական մարմինները կգտնեն, որ իմ արարքի մեջ քրեական հանցակազմ կա»:

Նա նաև նշել է, որ այդ դեպքը չի կարելի կապել միայն այդ օրվա հետ: Դա մի քանի տարբեր իրադարձություններից բխող դեպք էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ