Այսօր ԱԺ-ում շարունակվել են պատգամավորների ելույթները ՄԻՊ 2019թ-ի զեկույցի վերաբերյալ: Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ելույթի ժամանակ ասել է.
«21-րդ դարում Թավշյա հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք ասացիք, որ ժամանակը չի հերիքել ավելի մանրամասն խոսել կանանց իրավունքների մասին: Դուք պետք է կրճատեիք ձեր միտքն այլ ասպեկտից, բայց ոչ՝ կանանց: Հույս ունեմ, որ ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»:
Նա անդրադարձել է նաև ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Արման Թաթոյանի վերաբերմունքին.
«Հաջորդ ասպեկտը հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Ձեր զրոյական վերաբերմունքն է, 2 տարի է անցել հեղափոխությունից, և 2 տարի շարունակ իշխանությունը ՝ որպես ընդհանուր հանգամանք, և իշխանության մեջ գտնվող մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր կանանց, և ձեր գնահատականը զրոյական է»,-ասել է նա:
Խոսել է այն մասին, որ երկակիություն է տեսնում նրա վերաբերմունքի մեջ։ Վաղարշակ Հակոբյանը ՄԻՊ-ին խոհեմության ու անաչառության կոչ է արել։