Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի հայերենի ուսուցիչը՝ տասնյակ երեխաներին բռնաբարողը, չէր պատժվի ընդամենը երեք տարի: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելուն ու դրա դեմ ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիային:
«Որոշ շրջանակներ, որոնք այսօր դեմ են կոնվեցիային, որը չեն էլ կարդացել, լավ կլիներ՝ պաշտպանեին և ակցիաներ անեին տարիներ առաջ Ախթալայում, որտեղ տասնյակ, գուցե հարյուրավոր տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից»,-ասաց պատգամավորը, ապա, դիմելով կոնվենցիային դեմ արտահայտվողներին, հավելեց.
«Իհարկե, մանկապիղծ մեծահարուսի դեմ համարձակություն չունեիք բողոքելու, քանի որ նա ոչ միայն մեծահարուստ էր, այլև ձեր սիրելի նախկին վարչապետի խորհրդականը»:
Նրա դիտարկմամբ՝ կոնվենցիան նախկինում ստորագրվել, սակայն չէր վավերացրել, որովհետև նրանք ոչ թե ավանդապաշտ էին, այլ որովհետև նրանց վարչապետի խորհրդականը հենց մանկապիղծ էր, որովհետև ծննդատներից և մանկատներից երեխաներ էին վաճառում:
«Եվ ո՞վ էր պաշտպանում Ախթալայի երեխաներին, ո՞վ էր պաշտպանում տարիներով բռնաբարված տղաներին, ու՞մ շնորհիվ վերջապես մանկապիղծը կանգնեց դատարանի առաջ: Արդյո՞ք այսօր արժեքներ թմբկահարողներն էին այդ պաշտպանները, իհարկե ոչ: Այդ երեխաների կողքին էին բացառապես նույն այդ խմբակի կողմից ամեն օր անվանարկվող իրավապաշտպաններն ու լրագրողները: Դուք արժեքներ չեք պաշտպանում, այլ պաշտպանում եք մանկապիղծներին, ընտանիքներում երեխաներին ու կանանց ծեծողներին»,-հայտարարեց պատգամավորը: