«Առաջ ընդդիմադիր գործիչը եթե հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, էնքան կծեծեին՝ էշին քեռի կկանչեր»․ Ալեն Սիմոնյան

ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ գրասենյակի հետ համագործակցել են բազմիցս, և ինքը դա դրական է գնահատում:

«Շատերի ընկալման մեջ կա իներցիա՝ նախկին իշխանության տրամաբանության սահմաններում: Այսինքն՝ իշխանությունը բռնարար է, միշտ ցանկանում է ճնշել, և այդ իներցիան մնացել է որոշ մարդկանց ենթագիտակցության մեջ: Նախկինում Կարեն Անդրեասյանի վրա ճնշում գործադրելու համար «Մոսկվայի կամ Վատիկանի պադվալներից» կարելի էր հրամայել ներկ լցնել ՄԻՊ գրասենյակի վրա: Առաջ ընդդիմադիր գործիչը եթե սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, էնքան կծեծեին՝ էշին քեռի կկանչեր: Եվ դա փաստ է: Դա առաջ էր, հիմա այդպիսի բարքեր չկան»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը նաև ասաց, որ տարբեր խմբակների կողմից իշխանությանը ներկայացվել է երեք վերջնագիր: Սիմոնյանը հարցրեց, թե ով է պաշտպանելու ուղիղ եթերների ընթացքում քաղաքական գործչի կնոջ, մոր, դստեր նկատմամբ հնչող սեռական բնույթի հայհոյանքների, սպառնալիքների հարցում քաղաքական գործիչներին: Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք նույնպես ընդդիմություն են եղել ոչ վաղ անցյալում, սակայն իրենց թույլ չեն տվել խոսել Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների մասին, որևիցե մեկի կնոջ սիրային հարաբերությունների մասին:

Անդրադառնալով ԶԼՄ-ներին՝ Սիմոնյանը նշեց, որ դրանց մեծ մասը վերածվել է զանգվածային սադրանքների և վիրավորանքների արկղի, որոնց վերնագրերը որևէ կապ չունեն նյութի իրական բովանդակության հետ:

Հայ առաքելական եկեղեցու հետ ունեցած հարաբերություններին անդրադառնալով՝ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ չկա որևէ խնդիր, և չկա մարդ, որը խնդիր ունի Հայ առաքելական եկեղեցու հետ:

«Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք թաթախված են կոռուպցիայի մեջ, թաթախված են քաղաքականության մեջ, երբ որ իրենց պետք է: Եվ, այո, խնդիր միգուցե կա, բայց խնդիրն այդ մարդկանց մեջ է, որոնք վնասում են Հայ առաքելական եկեղեցուն, իջեցնում են վարկը»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ ընտրվել է ամենահետաքրքիր և ամենաստոր՝ շառ անելու մարտավարությունը: Սիմոնյանն ակնկալում է Էդմոն Մարուքյանի, Անի Սամսոնյանի և մի քանի այլ քաղաքական գործիչների ներողությունը՝ քաղաքացիներից, իրենից և Սասուն Միքայելյանից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ