Տավուշի մարզում վերջին 3 տարիների ընթացքում հիմնանորոգվել, ասֆալտապատվել և բարեկարգվել է շուրջ 44 միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհ։ Մայիսի 3-ին տրվեց Բերքաբեր գյուղի չորսկիլոմետրանոց ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը։
Մարզում ամենավատ վիճակում գտնվող ճանապարհը Դիտավան համայնքում է, որի 3.1 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 280 մլն դրամ։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, իր պաշտոնավարման առաջին տարին ամփոփելիս, հայտարարել էր, որ ճանապարհաշինության ոլորտում 3.9 մլրդ դրամ նախատեսված ներդրումների փոխարեն իրականացվել է 9 մլրդ դրամի ճանապարհաշինություն, վերանորոգվել է 105 կմ ճանապարհ։
«Հատկանշական է սահմանամերձ գյուղերի ճանապարհների շինարարությունը, որը երկար սպասված գործընթաց էր։ Մենք՝ որպես ռազմավարական ուղղություն, դիտարկում ենք մեր ներքին ճանապարհների վերանորոգումը»,- նշել էր մարզպետը։
Առաջիկա տարիների ընթացքում նույնպես զգալի աշխատանքներ են նախատեսված մարզի ճանապարհաշինության ոլորտում։ 2021-2023 թթ 17 համայնքներում նախատեսվում է իրականացնել 43.5 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս տարվա հետ կապված կա 17 ծրագիր, որոնց իրականացման արդյունքում 10 համայնքներում կհիմնանորոգվի շուրջ 50 կմ ճանապարհ։
Տավուշում շեշտը դրվում է ոչ միայն ճանապարհաշինության, այլև փողոցային լուսավորության վրա։ Մարզի 62 բնակավայրերից փողոցային լուսավորությամբ ապահովված չէ միայն 5-ը։ Բերդ համայնքում փողոցային լուսավորություն չունեին միայն Այգեպար և Չինչին գյուղերը, սակայն խնդիրը լուծվեց անցյալ տարի. այդ գյուղերում իրականացվեցին գլխավոր ճանապարհների և մի քանի թաղամասերի լուսավորության աշխատանքներ՝ ժամանակակից լուսատուներով։
Խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգերում 2017-2019 թթ տարված աշխատանքի արդյունքում մարզի 31 բնակավայրում ոռոգման համար ծախսվել է 387.7 մլն դրամ, իսկ խմելու ջրի համար՝ 1109.5 մլն դրամ: Չնայած սրան՝ ջրամատակարարումը շարունակում է լուրջ խնդիր լինել մարզում:
Բերդ համայնքի Տավուշ գյուղի թաղամասերից մեկի բնակիչները բողոքում են ջրամատակարարումից.
«Ջուր չունենք։ Ահագին ժամանակ էր, ինչ ուրիշ տեղերից էինք մեքենայով կամ, շատ հաճախ, ձեռքով ջուր կրում։ Հիմա համեմատաբար լավ է. նախկին ոչնչի փոխարեն ծորակից գոնե ջրի կաթկթոցն ենք տեսնում։ Դա էլ անձրևների շնորհիվ։ Արդեն սովորել ենք սրան։ Հենց անձրև է գալիս ջուրը հավաքում ու լցնում ենք տան բոլոր դույլերը, տարաներն ու տակառները»,- պատմում են գյուղացիները։
Դեռ 2019 թ. մարզպետ Հայկ Չոբանյանն ասել էր, որ տեղյակ է Տավուշ գյուղի խմելու ջրի հետ կապված խնդրին և խոստացել, որ մինչև 2020 թ.ավարտը գյուղում ջրի խնդիր այլևս չի լինելու։
Բերդի համայնքապետարանից տեղեկացրին, որ 2020 թ.սուբվենցիոն ծրագրում ներկայացված է Տավուշի նոր՝ 8.5 կմ երկարությամբ ջրագծի կառուցումը։