Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:
Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ,
կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ,
բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,
ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերևս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում:
Ինչպես դեռևս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաև շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, և դա իսկապես շատ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաև դա այստեղ ներկա մարդկանց հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունք է, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար:
Այս ընթացքում ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել, և մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ և՛ ռազմավարական, և՛ մարտավարական բնույթի: Մեր համագործակցության ամենակարևոր և հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մարդիկ, ում կյանքը բարելավելը և ում համար նոր հնարավորությունները հասանելի դարձնելը կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության հիմնական նպատակն է:
Այս ընթացքում մենք հասցրել ենք արդեն մի քանի ծրագրեր իրագործել, որոնց արդյունքում մարդիկ շատ կոնկրետ փոփոխություններ պիտի զգան իրենց ամենօրյա կյանքում: Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացման, իրագործման փուլում են, և իհարկե, կան մի քանի նախագծեր, որոնք քննարկումների, գաղափարների փուլում են: Համոզված եմ՝ քննարկումների արդյունքում նույնպես կունենանք կոնկրետ լուծումներ: