ՀԱՐՑՈՒՄ. Գո՞հ եք կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից

Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու համար մի շարք ծրագրեր է մշակել, որոնք բաժանված են երկու խոշոր ուղղությունների՝ սոցիալական և տնտեսական։ Եթե տնտեսական ծրագրերից հիմնականում օգտվում են անձինք, որոնք այս կամ այն կերպ առնչվել են հաշվապահության հետ, ձեռնարկատերեր են ու օգտվել են օնլայն բազմաթիվ համակարգերից, կարողանում են հեշտ մուտք գործել ծրագրեր ու լրացնել անհրաժեշտ տվյալներն ու դիմումները, ապա՝ սոցիալական ծրագրերի պոտենցիալ շահառուներից շատերի համար օգտվելու կարգը բավականին անհասկանալի է ու խրթին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված է սոցիալական աջակցության հինգ ծրագիր։ Դրանցից երեքի պարագայում բավական է լրացնել անուն, ազգանուն և հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն, ապա մյուս երկուսի պարագայում դիմում է լրացվում, որի համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային փոստ, լրացնել ծնողների ու երեխաների տվյալները։ Այս ամենն արվում է օնլայն եղանակով։

Հեռուստատեսությամբ և համացանցում նախարարությունը բացատրական հոլովակներ է շրջանառում, որոնք պարզաբանում են, թե ովքեր կարող են լինել ծրագրի շահառուներ։ Այդ հոլովակները բավականին մատչելի լեզվով ու վիզուալ ներկայացնում են ծրագրերը, սակայն քաղաքացիների մի մասը խնդիրների առաջ է կանգնում, երբ իրեն համարելով այս կամ այն ծրագրի շահառու, փորձում է օգտվել այդ ծրագրերից։

Սոցիալական աջակցության ծրագրերին մասնակցելու դիմում գրելիս ծնողներից պահանջվում է նաև երեխաների հանրային ծառայությունների համարանիշը՝ սոցիալական քարտի համարը։ Մի շարք ծնողներ չունեն այդ համարը՝ կորցրել են երեխայի սոցիալական քարտը, կամ երբևէ ուշադրություն չեն դարձրել գործարքների կատարելիս ինչ համար է ֆիքսվում և այլն։

Այն պարզելու մի քանի եղանակներ կա, որոնից ամենաուղիղ ճանապարհը ոստիկանության անձնագրային բաժանմունք գնալն ու այդ համարը ստանալն է։ Սակայն, այստեղ էլ մյուս խնդիրն է առաջանում ՝ անձնագրային բաժանմունքներն աշխատում են սահմանափակ ժամերով։

Մեր տեղեկություններով՝ այս օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ բողոքներ է ստացել ծնողներից։ Քննարկվում է՝ նշված ծրագրի դիմումի ձևից հանել երեխայի ՀԾՀ-ի պահանջը։ Չի բացառվում, որ դա արվի հենց այսօր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ