Երեկ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած գյումրեցի 64-ամյա կինը Երևան էր տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից: Մահացած կնոջ դուստրը դեռ Գյումրու ինֆեկցիոնում է: Շարունակում է բուժման ընթացքը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Մայրը տեղափոխվել էր Երևան, քանի որ վիճակը ծանրացել էր: Նման դեպքերը Գյումրու ինֆեկցիոնում սպասարկվել չեն կարող, քանի որ չկա վերակենդանացման բաժանմունք: Գյումրիում մնում են միայն թեթև և միջին ծանության հիվանդները: Եվս մեկ ծանր հիվանդ էլ այսօր է ուղեգրվել մայրաքաղաք:
Առավոտյան ժամը 10:00-ին ինֆեկցիոն հիվանդանոցում 75 հիվանդ է եղել: Նրանցից 11-ի մոտ առկա է եղել հիվանդության անախտանիշ տեսակը: Որոշում է կայացվել 11-ին էլ ուղարկել Ծաղկաձոր: «Նրանց համար Ծաղկաձորում առանձնացվել են հատուկ հոթելներ: Կմնան այնտեղ հսկողության տակ, կհետազոտվեն: Նրանք այն հիվանդներն են, որոնք ունեն թեստի դրական պատասխան, սակայն չունեն որևէ ախտանիշ՝ հազ, ջերմություն և այլն»,-ասաց առողջապահության բաժնի պետը:
Այս պահին Գյումրու ինֆեկցիոնում բուժում է ստանում շուրջ 65 հիվանդ: Հիմնականում միջին և միջինից բարձր տարիքի անձինք են, կան երեխաներ, հղի ևս կա: Գյումրու հյուրանոցներից մեկում մեկուսացված է 146 կոնտակտավոր: Եվս 169-ն ունի ինքնամեկուսացման ցուցում:
Ըստ Լեյլի Ասլանյանի, Շիրակի մարզում օջախային երկու գոտի կա՝ Անի խոշորացված համայնքն ու Գյումրին: Նոր վարակակիրները հայտնաբերվում են հենց այդ գոտիներից: Անի համայնքի դեպքում՝ Մարալիկից, Շիրակավանից, Ջրափիից, Ձորակապից:
Գյումրիում մեծ թվով կոնտակտավորներ են դեռևս հայտնաբերվում դեղատներից մեկում հայտնաբերված վարակի աղբյուրի շփման շրջանակից: Շիրակի թեմի մոմավաճառի հետ կապված խնդիրը կարծես թե փակվել է: Ասլանյանն ասաց, նրանք, որոնք մոմավաճառի հետ համարվել են կոնտակտավորներ, թեստավորվել են: Բոլորն ունեցել են բացասական պատասխաններ: