Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը երկուշաբթի օրը ժամը 13:00-ին նիստ է հրավիրել: Նախատեսվում է, որ այդ նիստի հյուրը լինելու է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրել է, որ Կարապետյանին հրավեր ուղարկվել է, ՀՀ-ում նրա գրանցման հասցեում հրավերը ստացել են եւ ստորագրել:
Կարապետյանը դեռեւս չի տեղեկացրել՝ կներկայանա՞ նիստին, թե ոչ: 2017-ի մարտի 1-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին՝ Կարապետյանը հայտարարել էր, թե Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում անորակ վառելիքի պատճառով:
Ի դեպ, վաղը նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ եւ չի բացառվում, որ նախկին վարչապետը մասնակցի այդ նիստին: Այս պահին, սակայն, Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում եւ հնարավոր է, որ այնտեղ նա վիրահատության ենթարկվի:
Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ հանձնաժողովն իր աշխատանքները ավարտելու է հունիսին՝ 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմի հանգամանքների մասին զեկույցի հրապարակմամբ:
Հանձնաժողովի վերջին հյուրերից էին Սերժ Սարգսյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը: Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին: Վերջինս, սակայն, դեռ չի ընդունել հրավերը: