ԱԺ-ում շարունակվում է կառավարության 2019թ-ի ծրագրի քննարկումը: Պատգամավորները հարցեր են ուղղում հարակից զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Սարգիս Ալեքսանյանը հետաքրքրվեց.
«Կես տարի չանցած՝ Մ-4 միջպետական ճանապարհը որակի հետ կապված խնդիր ունի, քանդված է ճանապարհը, ճաքեր կան, տեղյա՞կ եք ու ի՞նչ քայլեր եք ձեռնարկում նման խնդիրները կանխելու հետ կապված, երկրորդ՝ սահմանամերձ գյուղերի ճանապարհները վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսք տրվեց, որ պետք է վերանորոգվեն, բայց որևէ գործնական քայլ չի կատարվել»։
Նախարարը չհամաձայնեց, թե քայլ չի կատարվում․
«Կատարվում է Մովսես գյուղ տանող ճանապարհի հիմնանորոգում, ռուսաստանաբնակ քաղաքացիների ու կառավարության կողմից ֆինանսավորվել է, եղանակային պայմաններից ելնելով՝ հնարավոր չի եղել իրականացնել նախորդ տարի, այս տարի հողային աշխատանքները սկսվել են, եղանակի տաքացմանը զուգահեռ կշարունակվեն ասֆալտապատման աշխատանքները:
Ինչ վերաբերում է որակին, ես անձամբ եմ եղել նշած տեղում, լավ չէ, որ կատարված աշխատանքները թերացումներ են ունենում։ Մենք ունենք սկզբունք, եթե որևէ ճանապարհաշինական ընկերություն ունենում է թերացումներ, ամբողջ ծավալով տեղի է ունենում նոր ասֆալտաշերտի նորոգում: Ոչ թե պետք է շտկվի ասֆալտը, այլ նոր շերտ ավելացվի, խնդրահարույց տեղերը քանդվել են, 3 կմ նոր ասֆալտաշերտ կտեղադրվի»:
Սարգիս Ալեքսանյանը խոսեց Բերդավանի ճանապարհի մասին՝ ասելով, թե այնտեղ որևէ բան չի կատարվում, իսկ բերդավանցուն չի հետաքրքրում պատճառը: Ի պատասխան՝ նախարարն ասաց.
«Բոլոր խոստումները, որ տրվել են մեր քաղաքական ղեկավարի կողմից, իրականացվելու են ժամկետներում, քաղաքացիների հետ շփումները պարբերական բնույթ են կրում»: