«Լևոն Մնացականյանի հետ հանդիպումից գոհ եմ, Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով գալու որոշումից եմ գոհ»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը բոլոր հարցերին տվել է պատասխաններ:
Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքն էլ հարցեր ունի տալու հանձնաժողովին, հնչեցրե՞ց իր հարցերը. ի պատասխան այս հարցի՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նախկին նախագահը հանձնաժողովին հարցեր չի ուղղել, բայց հանդես է եկել նախաբանով, և այն կցվելու է զեկույցներից մեկում:
Կարևորելով Լևոն Մնացականյանի հետ հանդիպումը՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նա եղել է Պաշտպանության բանակի հրամանատարը և նրա պատասխանները շատ կարևոր են՝ հանձնաժողովի աշխատանքի վերջնական փուլում շատ հանգամանքների և խնդիրների համադրման տեսանկյունից:
Անդրանիկ Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովում կայացել է ևս մեկ հանդիպում. «Մենք հրավիրել ենք մեր բանակային հետախուզության հատուկ նշանակության բրիգադի այն ժամանակվա հրամանատար-գնդապետ Ռոման Գաբրիելյանին, և դա շատ կարևոր է որոշ հանգամանքներ ճշտելու համար… Հանձնաժողովը նախապատրաստվում է կազմակերպել ևս երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպում, որոնք Հայաստանում չեն. նրանցից մեկը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է. նրան կուղարկվի պաշտոնական գրություն»:
Հարցին, թե ինչու իշխանության շարքերից հստակ արձագանք չկա Վատիկանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Վատիկանի նախկին դեսպանը հայտարարություններ չի անում, նա հայտնվեց Վատիկանում, գուցե Միլանում կամ Հռոմում գտնվող ինչ-որ բնակարանի խոհանոցում և սկսեց ինչ-որ տեքստեր հաղորդել: Անընդհատ ասվում էր, որ նկուղում է, և երբ որ առաջին անգամ խոհանոցից խոսեց, երևի ուզում էր ասել, որ նկուղից հայտնվել է խոհանոցում, բայց երբ որ երկրորդ անգամ սկսեց քաղաքական թեմաներով խոսել և իր մեսիջներն ուղարկել ՀՀ-ի դեմ, ավելի լավ կլիներ «Թավա թիվի»-ով զբաղվեր, որովհետև նրա տեքստերը քաղաքական որևէ հեռանկար չեն պարունակում…»: