Ինքնիշխանության սահմանը. մեկ քայլից սկսում է փլուզումը

Ինքնիշխանության հարցը շատ կարեւոր է, բայց մենք պետք է հասկանանք սահմանը, ինքնիշխանությունը բացարձակ երեւույթ չէ, աշխարհը փոխկապակցված է, ինտեգրացված: Այդ միտքը խորհրդարանում արտահայտել է վարչապետ Փաշինյանը, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, թե Հայաստանը արտաքին քաղաքական եւ ընդհանրապես աշխարհքաղաքական հեռանկարի ինչ տեսալական ունի հետկորոնավիրուսային նոր աշխարհին ընդառաջ, որը չի լինելու նախկինի պես:

Հնարավոր է, որ հետկորոնավիրուսային աշխարհը չի լինելու նախկինը: Ամբողջ հարցն այն է, որ չկա նաեւ շոշափելի պատկերացում կամ ուրվագիծ, թե ի վերջո ինչով է տարբերվելու այդ նոր աշխարհը, եւ ինչքանով է տարբերվելու այն հնից:

Այդուհանդերձ, մի բան թերեւս համաշխարհային քաղաքականության մեջ մնալու է անփոփոխ՝ ինքնիշխանության արժեքը: Եվ այստեղ թերեւս պետք է արձանագրել, որ ճշգրիտ չէ վարչապետ Փաշինյանի բնորոշումը, թե ինքնիշխանությունը բացարձակ արժեք չէ, եւ աշխարհը փոխկապակցված է:

Աշխարհն, այո, փոխկապակցված է, ու որքան էլ կորոնավիրուսը բաժանել է պետություններին ու հանրություններին ֆիզիկական առումով, ու որքան էլ աշխարհը փոխվի, այդուհանդերձ փոխկապակցվածությունը չի փոխվելու, տեխնոլոգիական հեղափոխությունը այդ փոփոխությունը դարձրել է անհնար:

Բայց այդ հանգամանքը ամենեւին չի փոխում ինքնիշխանությունը հենց բացարձակ արժեք լինելու հանգամանքը, որովհետեւ փոխկապակցված, ժամանակի եւ տարածության առումով սեղմված ու սեղմվող աշխարհում ինքնիշխանությունն է պետությունների դիմադրունակության ու մրցունակության անբեկանելի նախադրյալը:

Բանն այն է, որ անգամ ինտեգրացիոն նախագծերում որեւէ պետության հաջողություն պայմանավորվում է որոշումների կայացման հարցում ինքնիշխանության աստիճանից, կամ այլ կերպ ասած՝ բացարձակությունից: Միաժամանակ, ինքնիշխանությունն անշուշտ չի նշանակում աշխարհը գրողի ծոցն ուղարկելու կարողություն կամ համարձակություն: Դա անխոհեմություն է:

Ինքնիշխանությունն, այո, նշանակում է աշխարհի հետ, համաշխարհային տնտեսական, քաղաքական, մշակութային կենտրոնների հետ աշխատելու կարողություն: Այդ աշխատանքը հաճախ ենթադրում է անզիջում դիրք, հաճախ ենթադրում է իհարկե փոխզիջում: Բայց, բոլոր դեպքերում որոշումը պետք է լինի ինքնիշխան, եւ միայն այդ դեպքում կլինի առավելագույնս անվտանգ:

Նույն կերպ, երբ պետությունն անդամակցում է որեւէ դաշինքի, որեւէ տնտեսական կամ ռազմա-քաղաքական վերպետական միավորի, որոշումների կայացման մեխանիզմի հարցում պետական ինստիտուտի լիազորությունը երբեմն զիջվում է վերպետականին: Բայց դա տեղի է ունենում զուտ լիազորության, եւ ոչ թե ինքնիշխանության հաշվին, քանի որ անգամ վերպետական մարմնի ինստիտուցիոնալ մեխանիզմում որոշիչը բոլոր անդամների ձայնն է, ինչն էլ իր հերթին պետք է լինի ինքնիշխան՝ պետական, թե վերպետական որեւէ շրջանակում:

Ինքնիշխանության բացարձակությունից մեկ քայլ նահանջը պարունակելու է դոմինոյի վտանգավոր էֆեկտ:

Անշուշտ, ինքնիշխանությունը լինելով բացարձակ արժեք, նաեւ միջոց է ազգային, պետական խնդիրները արդյունավետ լուծելու համար, ըստ այդմ ինքնիշխանությունը պահանջում է գաղափարական, հայեցակարգային բովանդակություն: Հենց դրա շնորհիվ է տարբերվում «աշխարհը գրողի ծոցն ուղարկող» ինքնիշխանությունը «աշխարհի հետ աշխատել կարողացող» եւ այդ աշխատանքի միջոցով պետական շահն արդյունավետ սպասարկող ինքնիշխանությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ