Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ՝ Հայաստանը հետխորհրդային երկրների ժողովրդավարության բարելավման զեկույցի պատմության մեջ արձանագրել է ամենաբարձր երկամյա ցուցանիշը։ Միաժամանակ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը բարձր է գնահատել Հայաստանի՝ վերջին երկու տարիների ձեռքբերումները:
Freedom House-ի գնահատմամբ՝ քաղաքական փոփոխությունների, օրենքի գերակայության և համակարգված կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ հանրային համաձայնությունը հիմք է ստեղծել Հայաստանում թավշյա հեղափոխության համար: Հանրային այս պահանջը պատմական հնարավորություն է ժոողովրդավարության զարգացման առումով: Փաստաթղթում նշված է, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ընտրությունների անցկացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:
Չեն շրջանցվել խնդիրները. դատական համակարգի շուրջ զարգացումները մտահոգությունների տեղիք են տվել զեկույցի հեղինակներին: Ուստի Freedom House-ը կոչ է անում՝ ծրագրային ծավալուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին օրենքի գերակայության և ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ, ներառյալ դատական ու ոստիկանական համակարգերի բարեփոխումները:
Զեկույցը կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել կառավարման համակարգի անցումային փուլում գտնվող երկրներին՝ առանձնացնելով Հայաստանն ու Ուկրաինան, որոնք վերջին երկու տարիներին արձանագրել են ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ: Այս երկրների առաջնորդներն այսօր կանգնած են առանց ժողովրդավարական նորմերի խախտման քաղաքացիների սպասումներն արդարացնելու, վստահությունը պահպանելու և կոռումպացված համակարգերը փոխելու մարտահրավերների առջև: