ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց բյուջեի եկամուտների մասին՝ 2019-ը անվանելով ոսկե տարի։
Մարուքյանը հետաքրքրվեց, թե այս ճգնաժամի շրջանակներում Կառավարությունը ՀՆԱ-ի քանի՞ տոկոսի չափով է մտադիր ֆինանսական աջակցություն ցուցաբերել եկամուտը կորցրած քաղաքացիներին։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Կառավարության կառուցվածքին, հարցրեց Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին՝ հիշեցնելով, որ դա խմբակցության դեռ երկու տարի առաջ արած առաջարկներից է։
«Ներքին գործերի նախարարության ստեղծման հետ կապված եթե պարզվի, որ ձեր գաղափարն ենք վերցրել, շատ ավելի լավ կզգամ, որովհետև կստացվի, որ ինչքան էլ վիճում ու բանավիճում ենք, այնուամենայնիվ, իրար լսելու և ռացիոնալ հատիկը վերցնելու կարողությունը ենք կորցրել։ Բայց, իմ կարծիքով, այդ գաղափարը վերցրել ենք և որոշակի լուրջ մոդիֆիկացիաների ենք ենթարկել և ունենալու ենք բոլորովին նոր կառուցվածք»,- ասաց վարչապետը։
Հարցի սոցիալական բաղադրիչին անդրադառնալիս վարչապետը նշեց, որ սոցիալական կոլապս չկա, բայց կան սոցիալական խնդիրներ:
«Մենք տնտեսության մենջ մտադիր ենք ներարկել անսահմանափակ քանակությամբ փող, բայց շատ հայեցակարգային կարևոր մոտեցում կա։ Այդ փողը պատրաստվում ենք ներարկել ոչ թե որպես սոցիալական աջակցություն, այլ որպես կապիտալ ներդրում, որպես աշխատանքի հնարավորություն։ Իմ համոզմունքն է, որ փողը ինչքան երկար ճանապարհով պտտենք, այնքան ավելի մեծ էֆեկտ ենք ստանալու։ Կա ճանապարհ գումարը մարդկանց բաժանելու, բայց մենք 100 հատ նոր նախագիծ ենք ստեղծում, որ դրանց վրա մարդիկ աշխատեն»,- շեշտեց վարչապետը։