Բաց նամակ-դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
Հարգելի՛ պրն նախարար,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. ապրիլի 23-ի N 596-Լ որոշմամբ հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման շահառուներ են հանդիսանում որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ՀՀ պետական բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը 90 և ավել տոկոս հանրագումարային միջին որակական գնահատական (այսուհետ՝ ՄՈԳ) ունեցող սովորողները:
Այս դիմում-առաջարկով ցանկանում եմ անդրադարձ կատարել որոշման բաղկացուցիչ մի կետին՝ առկա ուսուցման համակարգին:
Հարգելի՛ պարոն նախարար, գիտենք, որ կրթություն ստանալու իրավունքը բոլորինս է: Դա է վկայում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, որի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով: Դրանք են՝ առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկություն (էքստեռնատ): Այսինքն՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու առկա և այլ ձևերի զուգակցումը տարբեր ուսանողների դեպքում չի արգելվում։ Իսկ ահա նույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է ուսանողների իրավունքները, որոնցում չկա որևէ տարբերակում հեռակա և առկա ուսուցման համակարգում սովորողների միջև։
Այս ամենը խոսում է այն մասին, որ կրթության իրավունքն իսկապես յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքն է, և գործադիրը, անկախ ուսուցման առկա թե հեռակա ձևից, ուսանողների համար պետք է սահմանի միևնույն հնարավորությունները։
Ուզում եմ ընդգծել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շեշտադրումն այն մասին, որ սույն միջոցառման հաստատմամբ կառավարությունը կատարում է իր քաղաքական հանձնառությունն առ այն, որ որևէ լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով բուհից դուրս չի մնա:
Ուստի ելնելով իրավահավասարության և արդարության սկզբունքներից՝ կարծում եմ ՝ չպետք է տարբերակել ուսանողներին: Ավելին՝ ինքս հաղորդակից լինելով հեռակա ուսուցման համակարգում սովորողների անհանգստությանը՝ առաջարկում եմ, որ այս միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվի և ներառի նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողներին՝ թույլ տալով օգտվել որոշման բոլոր կետերից, և դրանով իսկ խրախուսել այս համակարգում գոնե գերազանց սովորողներին։
Հ.Գ. Բարձրացված հարցի կարևորությունից ելնելով՝ այս դիմումը կուղարկվի և էլեկտրոնային հասցեով:
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՄՀ ՈւԽ նախագահ՝ Պարույր Գալստյան
05․05․2020թ