ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է չծանրաբեռնել նախադպրոցական կրթական հաստատություններում երեխաներին` իրենց տարիքի համար չնախատեսված ծրագրերով. դա հետագայում անհարմարություններ է առաջացնում դպրոցում: Նախարարը նման տեսակետ հայտնեց «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:
«Եկեք երեխաներին չտանջենք, և նախադպրոցական ուսումնական հաստատություններում տանք այն գիտելիքը, որն անհրաժեշտ է տվյալ տարիքի համար: Հիմա կան տարբեր զարգացման կենտրոններ, տարբեր մանկապարտեզներ, որոնք լեզուների և այլ ուղղվածություն ունեն: Ես վստահեցնում եմ, ծնողներին էլ անընդհատ դիմում եմ, ամենևին դրական ազդեցություն չեն ունենում երեխայի ընդհանուր կրթական մակարդակի վրա: Ընդհակառակը՝ դրանք շատ վատ տրամադրություններ են առաջացնում երեխաների մոտ, երբ նրանք գնում են դպրոց և դպրոցի որոշ ծրագիր արդեն յուրացրած են լինում մանկապարտեզներում»,-ասաց նախարարը:
Նա նկատեց՝ դա սխալ է մանկավարժական առումով, ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծում երեխայի բնականոն զարգացման համար:
«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
օրենքի նախագծով նախադպրոցական հաստատությունների նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու: Սահմանվել են դրանց հետ կապված մի շարք հարցեր: