ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։
Եղեգնաձորի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզեցին, թե կասկածվողներն ինչ մեքենայով են եղել, ինչից հետո սկսեցին որոնողական աշխատանքները։ Եղեգնաձորի ոստիկանները երիտասարդներին այնքան արագ հայտնաբերեցին, որ նրանք չէին հասցրել հեռանալ Վայոց ձորի մարզից։ Կասկածվողները բերման ենթարկվեցին բաժին։
Պարզվեց, որ նրանք, բացի հիշյալ դեպքից, 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են իրացրել Վայոց ձորի մարզի բենզալցակայաններից երկուսում, մի խանութում և գինու վաճառակետում։ Նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին 48 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Կեղծ թղթադրամներ իրացնողը ձերբակալվեց։
Եղեգնաձորի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, թե նրանց որտեղից կեղծ թղթադրամներ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, մայիսի 2-ին խուզարկվեց Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերվեց 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ, ինչպես և այլ պետությունների թղթադրամներ։ Տանտերերը, որոնք եղբայրներ են, ևս ձերբակալվեցին։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։