ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում սկսվել է անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն՝ նախնական 100 հազար արտահագուստի քանակով։ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախարարը հայտարարեց, թե քանակի խնդիր չի լինի նաև արտահագուստի առումով, իսկ արժեքը պայմանավորված կլինի հիմնականում հումքի ինքնարժեքով և լոգիստիկ խնդիրներով:
Թորոսյանը կարծում է, որ FFP 3 և N 95 դիմակների քանակը ևս բավարար է: Նա տեղեկացրեց, որ կա նաև լոկալ արտադրող, և այժմ հաստոցի ձեռքբերման աշխատանքների գործընթացի փուլն է, որից հետո այդ հաստ դիմակները ևս կարտադրվեն Հայաստանում:
Առողջապահության նախարարը հայտնեց, որ հիվանդանոցային համակարգում կա մոտ 350 ազատ մահճակալ. քաղաքացիների մի մասը բուժօգնություն ստանում է հյուրանոցներում, որովհետև չունեն որևէ ախտանիշ:
Անդրադառնալով առողջապահության համակագի ծանրաբեռնվածությանը՝ Թորոսյանը նշեց, որ այն դեռևս տանելի է:
«Բեռի ավելացմանը զուգընթաց պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության։ Մեր հիմնական նպատակն այս պահին դա է»,- ասաց Արսեն Թորոսյանը։