5–օրյա ուսուցմամբ դպրոցներում հեռավար ռեժիմով պարապմունքները կավարտվեն մայիսի 22–ին, իսկ 6–օրյայի դեպքում` մայիսի 23–ին, երեքշաբթի հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հեռավար ռեժիմով բաց թողնված դասերը կվերականգնվեն հաջորդ ուսումնական տարվա ընթացքում հատկացված ռեզերվային օրերի հաշվին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կկատարվի կրթական ծրագրերի ծավալը մինչև ուսումնական տարվա ավարտ», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:
Փոխնախարարը կարևորեց այն գործոնը, որ հեռավար կրթության շնորհիվ ուսուցիչները ստիպված չեն լինի կրկնել կրթական ծրագիրը նոր ուսումնական տարում, այդ կերպով կապահովվի հանրակրթական ցիկլի անընդհատությունը։
«Ռեզերվային օրերն էլ կօգնեն լրացնել հեռավար ռեժիմի պատճառով առաջացած թերությունները», – ասաց նա։