Դպրոցներում գնահատման համակարգը չի աշխատում․ ԿԳՄՍ

Երեխաներին հետաքրքիր չէ, թե ինչ գնահատական են իրենք ստանում. գնահատման համակարգը չի աշխատում։ Առցանց ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Գնահատականները հետաքրքրում են մեզ՝ ծնողներիս, հետաքրքրում են կրթական գործընթացի այլ մասնակիցներին։ Մենք փորձում ենք դա դրսևորել իբրև պատժի մեխանիզմ՝ երեխային երկուս նշանակել կամ որևէ այլ ցածր գնահատական, բայց չի ազդում նրանց վրա։ Դա կարող է նրանց վրա ազդել իբրև ծնողից վախ, դա կարող է նրանց վրա ազդել իբրև վախ որևէ այլ պատժից, որը բուն գնահատականը չէ։ Եթե մենք այսօր խոսում ենք այդ խնդիրների մասին, միգուցե, ազնիվ լինենք և խոսենք մեր գնահատման համակարգի խնդիրների մասին»,- նշեց Անդրեասյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի առնվազն 1-4 դասարաններում աշակերտները չեն գնահատվի։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր. «Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ մինչ հեռավար կրթության անցնելը։ Լինելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կիրականացվեն։ Այս համակարգով մենք երեխային չենք կապում գնահատականին, այլ կապում ենք գիտելիքի և կրթության հետ»: Դրանով հանրակրթության ոլորտում որոշակի հեղափոխություն է իրականացվում։ Նրա խոսքով՝ նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ