Հայաստանում հեռավար կրթության համակարգից դուրս մնացած աշակերտների համար 2020-2021 թթ․ ուսումնական տարում կլինեն պահուստային շաբաթ և օրեր՝ բացը լրացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մեր նախնական տեղեկություններով՝ ՀՀ տարբեր մարզերում հեռավար ուսուցմանը մասնակցել է աշակերտների 85-90 տոկոսը։ Մենք ակնկալում ենք, որ ամփոփման արդյունքներում կունենանք ավելի բարձր թիվ։ 2020-2021 ուսումնական տարում մենք նախատեսել ենք ունենալ պահուստային շաբաթ և օրեր, որի ժամանակ այն աշակերտներն, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել հեռավար կրթության համակարգից՝ կլրացնեն բաց թողնվածը»,- նշեց Հարությունյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է 2020-2021 թթ․ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսելու հարցը։