ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե բուհերի ընդունելության քննությունների ժամանակ որ առարկան է լինելու քննական: Նախարարը օրեր առաջ հայտնել էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի դիմորդները բուհեր ընդունվելու համար կհանձնեն ոչ թե երեք, այլ մեկ քննություն, որը կլինի այն առարկայից, որն ըստ մասնագիտության առաջնային ու կարևոր է:
«Լեզվաբանական ֆակուլտետներում կամ համալսարաններում քննական առարկան լեզուն է՝ ըստ ընտրած մասնագիտության: Տնտեսագիտական համալսարանում մաթեմատիկան է: ԵՊՀ-ում, օրինակ՝ արվեստի տեսության և պատմության ֆակուլտետում, կրոնագիտության մասնագիտության դեպքում, փիլիսոփայության ֆակուլտետում հիմնական քննությունը հայոց լեզու ու գրականություն առարկան է՝ գրավոր: Աստվածաբանություն՝ հայոց լեզու և գրականություն, պատմության, հնագիտության և ազգագրություն ֆակուլտետներում, արևելագիտության ֆակուլտետի արաբագիտություն, թուրքագիտություն, իրանագիտություն մասնագիտությունների համար՝ պատմությունը, կովկասագիտության և իրավագիտության համար՝ նույնպես հայոց պատմությունը»,-նշեց նախարարն ու հավելեց, որ ցանկը շուտով կհրապարակվի:
Նախարարը նշեց, որ, օրինակ՝ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար նախկինում դիմորդները պարտադիր հանձնել են քննություն հայոց լեզու և գրականություն, օտար լեզու և հայոց պատմություն առարկաներից, հիմա դրանցից մեկի՝ հիմնական քննական առարկայի ընտրությունը մնացել է բուհի առաջարկին կամ նախարարության ընտրությանը: Կամընտրական առարկաների դեպքում դիմորդն ինքն է ընտրում քննական առարկան: