ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ բուհերի ընդունելության կարգին և քննություններին: Նախարարը նախ նշեց, որ ընդունելության քննությունների հետ կապված որևէ բուհի շահերով չի առաջնորդվելու, իր նպատակը ընդունելության գործընթացը հնարավորին սահուն կազմակերպելն է:
Նախարարը նշեց, որ մտափոխվածների համար նոր հայտագրում է իրականացվելու մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ԳԹԿ-ի կայքում ստեղծված էջում: Եթե արդեն երեք-չորս քննության համար գումար է վճարվել, ապա այն կվերադարձվի՝ պահելով միայն մեկ քննության գումարը:
Միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով՝ հուլիսի առաջին տասնօրյակում: Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը՝ նշեց նախարարը:
«Ընդունելության մրցութային առարկայից հավասար գնահատականներ ստանալու դեպքում ըստ հերրթականության առավելություն տրվում է.
առաջինը՝ մեդալակիր դիմորդներին, երկրորդը՝ արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին, երրորդը՝ հանրակրթական հաստատություններում 10-12-րդ դասարաններում սովորելիս հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին, աստղանիշով մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով մեկից ավելի առարկաների դեպքում, այդ առարկաների գնահատականների միջին թվաբանականով առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին: Հինգերորդը՝ առավելություն կստանան պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդները, տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նախկին երեք քննության փոխարեն աստղանիշերով նշված են այն քննությունները, որ պետք է հանձնվեին, բայց մրցույթի ժամանակ դրանք կնայվեն՝ ըստ ատեստատների գնահատականների:
Բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին՝ հավելեց նախարարը: