«Այս ամսվա ձեր 50000 դրամ պարտքը իմ ֆոնդից կտան, բայց ձեր տղաներին ասեք, որ պետք է աշխատել»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարեց այն քաղաքացիներին, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով: Նրա խոսքով՝ կոմունալների հետ կապված իրենց աջակցությունը միշտ չէ, որ հասցեական է:

Առաջին քաղաքացին, որին զանգահարեց վարչապետը, ասաց, որ արդեն 5 օր է չունեն էլեկտրաէներգիա: Կինը ներկայացրեց նաեւ, որ տանը կա թոշակառու, իր ամուսինն էլ առողջական խնդիրներ ունի: Վարչապետը նկատեց, որ նրանք նաեւ հունվար եւ փետրվար ամիսներին ունեցել են 25 հազար եւ 23 հազար դրամական պարտք: «Այն հայտարարության արդյունքում, որ չվճարումների պարագայում անջատումներ չեն լինի, ձեր պարտքը կրկնապատկվել է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա երեւի նրա արդյունքում, որ մտածել են, որ չեն անջատելու: «40 հազար դրամ ես վճարել եմ, գնացի ասացի, որ գոնե հիմա միացնեն, մինչեւ ես թոշակ ստանամ, մնացած մասը վճարեմ, չմիացրին: Հիմա մեր պարտքը կազմում է 50 հազար դրամ»,- ասաց քաղաքացին: Նա ասաց, որ տան միակ աշխատողն ինքն է, ունի 2 տղա, մեկը՝ 23, մյուսը 21 տարեկան, մեծ տղան մեկ-մեկ շինարարության ոլորտում գործ էր անում, բայց հիմա երկուսն էլ տանն են: Վարչապետը ասաց, որ հիմա շինարարության ոլորտում աշխատանքները բաց են, տղան կարող է աշխատել, ինչից հետո կինը պատասխանեց՝ գիտեմ:

«Հիմա, ենթադրենք, այս ամսվա ձեր 50 հազար դրամ պարտքը մարվի, բա հետո ի՞նչ է լինելու»,- հարցրեց վարչապետը, ինչից հետո քաղաքացին ասաց, որ թոշակից թոշակ վճարումներ կանեն: «Ես կասեմ, որ իմ ֆոնդից ձեր հոսանքի գումարը տան»,- ասաց վարչապետը:

«Հիմա, ճգնաժամ է, ուրիշ վիճակ է, բայց ձեր տղաներին ասեք, որ պետք է աշխատել»,- եզրափակեց վարչապետը:

Մյուս քաղաքացին, որին զանգահարել էր վարչապետը, ասաց, որ պարտքի մի մասը արդեն վճարել է, էլեկտրիկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել եւ հիմա ունի էլեկտրաէներգիա: Նա պատմեց, որ իր տղան խոհարար է, 2 ամիս է արդեն չի աշխատում, բայց երեկ կառավարությունից 300 հազար դրամ աջակցություն է ստացել: Վարչապետի հարցին, թե ինչու չի վճարել կոմունալի վարձը, եթե այդքան աջակցություն են ստացել, կինը պատասխանեց, որ թոռներին 2 ամսվա համար սնունդ է գնել եւ հավելեց, որ անպայման քիչ-քիչ կմուծի:

Զանգ էլ. էներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, April 30, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ