Կառավարության վաղվա նիստում կհաստատվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պետք է հնգօրյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնի որոշման նախագիծը։
Ըստ այդմ, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը:
- Միջոցառման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ /այսուհետ՝ Աշխատանքներ/։
- Աշխատանքները կներառեն ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների տնկման և ծառատունկի տարածքի ցանկապատման աշխատանքները։
- Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն սույն հավելվածի 3-րդ կետում նշված աշխատանքներին: