«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը
– Պարո՛ն Դարբինյան, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասել է, որ ապրիլի 21-ին դուք եք արտադրամասի աշխատակիցներին ուղղորդել, որ գան աշխատանքի, անգամ ավտոբուսներով մարդկանց տեղափոխել եք։ Եթե պարետի կողմից որոշում չկա, որ տեքստիլ ոլորտի ընկերությունները կարող են աշխատանքը վերսկսել, ինչո՞ւ որոշեցիք, որ պետք է աշխատեք։
– Բայց մարզպետն ի՞նչ գիտի, որ ես եմ ուղղորդել։ Իրականությունը հետևյալն է՝ պարոն վարչապետը հայտարարել էր, որ ամսի 20-ից թեթև արդյունաբերությունն աշխատելու է։
Մեր կարի ֆաբրիկայի 2600 աշխատակիցներից ոչ բոլորն են այդքան կրթված, իրենք են՝ իրենց վարչապետը, չեն էլ պատկերացնում, որ պարետ կա, պարետի որոշում պետք է կայացվի։ Նրանք մանրամասների մեջ չեն խորանում, այդ 2600 մարդն ամսի 20-ին ոտքով եկել էր աշխատանքի։
Սկսեմ ամենասկզբից. ապրիլի 17-ին մենք հրավիրվեցինք էկոնոմիկայի նախարարություն՝ պարոն Խաչատրյանի մոտ, որպեսզի իմանայինք, թե ինչ պայմաններով պետք է ամսի 20-ից աշխատեինք։
Այնտեղ քննարկում տեղի ունեցավ, նախարարն ասաց՝ բերեք ամբողջ ոլորտը չբացենք, այլ թույլ տանք աշխատել այն ընկերություններին, որոնք ցանկություն կհայտնեն։ Նա ասաց, որ եթե բոլորին թույլ տանք, կարող է լինեն ընկերություններ, որոնք չեն ուզի աշխատել, բայց պարտավորված կլինեն իրենց աշխատակիցներին 2/3-ի չափով վճարել, կտուժեն։ Իսկ արգելքի պայմաններում իրավունք ունեն չվճարելու։ Այնտեղ մարդիկ կային, ասացին՝ մենք չենք ուզում հիմա աշխատենք, բայց օրենքն ասում է՝ աշխատողներին 2/3-ով վճարիր, ինչո՞ւ։
Ես ամսի 18-ին չդիմեցի նախարարություն, մի քիչ մտածեցի։ Ես, իհարկե, չգիտեի, որ մարդիկ կգան գործի, բայց 20-ին եկա գործին։ Մարդ կա՝ չի ուզում գալ գործի, օրինակ, էն օրը պահեստապետին կանչեցինք, ասաց՝ վախենում եմ։ Բայց ամսի 20-ին մարդիկ եկան, բոլորով կանգնած զրուցում էինք, հարյուրավոր մարդիկ էին։
– Դուք կոչ չարեցի՞ք նրանց, որ գնան տուն, քանի դեռ չկար որոշում։
– Ես ընդհանրապես կոչ չարեցի։
– Ինչո՞ւ, եթե դեռ նախարարությունից աշխատելու թույլտվություն չունեիք, ինչո՞ւ մարդկանց չեք ներկայացրել իրավիճակը։
– Նախ՝ իրենք եկել էին աշխատավարձ ստանալու, այդ օրը աշխատավարձ էլ էր բաժանվում։ Բացի դա, մարդը եկել էր, մի հատ բարև չտա՞մ, հետը չխոսե՞մ, զրուցում էինք, մտքեր էինք փոխանակում։
Ես ասացի՝ դեռ չկա որոշում, բայց նախարարությունում պայմանավորվել ենք, որ ցանկացողները դիմում են նախարարություն, որ աշխատեն։ Որոշ մարդիկ, օրինակ՝ Նարինեն, ասաց՝ ես չեմ գալու, այսինքն՝ որոշ մարդիկ ասացին, որ չեն գա։ Մեծամասնությունն ասաց, որ գալու են, այդ թվում՝ ես էլ էի ուզում գալ։ Գլխավոր ինժեներն էլ էր ուզում։
Այդ նամակը ես ամսի 20-ի երեկոյան ուղարկեցի նախարարություն։ Ես նախարարությանը գրեցի, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայի երկու մասնաճյուղերը՝ ընդհանուր 2600 աշխատակից, ցանկություն է հայտնում, որ ֆաբրիկան վերաբացվի։ Ուղարկեցի նախարարություն, ժողովրդին էլ ասացի՝ եթե դուք ուզում եք, թույլտվություն էլ կա…
– Բայց թույլտվություն դեռ չկար։
– Այո՛, թույլտվություն դեռ չկար, միգուցե այդտեղ ենք մի փոքր վրիպել։ Համենայնդեպս, եթե մի մարդու հետ պայմանավորվում ես, կոմպետենտ անձնավորություն, որ գալու ենք աշխատանքի, եթե ցանկանում ենք…
– Արդյոք ճի՞շտ չէր սպասել նախարարության թույլտվությանը, հետո մարդկանց կանչել աշխատանքի։
– Այո, հնարավոր է, բայց, դե, այդպես ստացվեց։
– Հետո երկրորդ օրը դուք մարդկանց ավտոբուսներով տեղափոխեցի՞ք։
– Մենք էլ որոշեցինք, այնպես չէր, որ ավտոբուսներն էլ մեր սեփական ավտոբուսներն էին, այդ բանվորները վճարվում են։ Մի քանի ավտոբուսով եկան, շատերը ոտքով եկան։ Հանցագործություն չարեցի, մարդիկ էլ, ախր, շատ տրամադրված են, ապրուստի միջոց չկա։
Ես էլ, նորից եմ հայտարարում, ոչ օլիգարխ եմ, ոչ էլ այդքան փող ունեմ։ Ընդամենը 5 մլն վարկ ունեմ, այդ թալանված ու ավերված գործարանը վերանորոգել եմ, արտադրամաս եմ սարքել՝ 30 հազար քմ։
Եվ ես հնարավորություն չունեմ չաշխատելու պայմաններում աշխատավարձ վճարել։ Ընդ որում, եթե 50 մարդ լինի՝ 70 հազար դրամ վճարեմ, դա 3 մլն է կազմում, բայց եթե 2600 մարդ է, դա 150 մլն է, դա մեծ գումար է, իմ հնարավորություններից վեր է։
– Բայց մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել մարդկանց անվտանգությունը՝ տեսնելով, որ վիրուսը տարածվում է։
– Իհարկե հաշվի ենք առնելու, կարո՞ղ է պատահի թշնամի ենք։ Մենք աշխատում ենք արտասահմանյան շատ ճանաչված ընկերությունների հետ, ամեն օր նամակ ենք ստանում, չգիտենք՝ ի՛նչ պատասխանենք այդ մարդկանց, կամ նրանց պետք է ասենք՝ աշխատում ենք կամ չենք աշխատում։ Ես ընդունում եմ, որ պետք է սպասեի նամակի պատասխանին։
– Նախարարությունից ձեր նամակին դեռ պատասխան չկա՞։
– Պատասխան չկա, հիմա այդ նամակը որ ստացան, թող մի հատ պատասխանեն։ Հարյուր անգամ զանգեցի, ոչ մեկը չպատասխանեց։ Ընենց չի, որ ես հորդորել եմ՝ ժողովուրդ, եկեք, թքած ունենանք որոշումների վրա։ Մենք օրենքը շատ հարգում ենք, կառավարությանն առավել ևս հարգում ենք։ Ոստիկանությունով եկան, ասացին՝ օրենքը սա է։
– Աշխատակիցներից ոմանց տուգանել են ոստիկանության աշխատակիցները, պետք է վճարե՞ն այդ տուգանքները։
– Ես չգիտեմ, մի երեք հոգու գրեցին, մարդիկ էլ բորբոքվեցին։ Հայտնի ֆիլմի նման՝ գուցե հանցանքը փոքր է՝ կներեն։ Մենք ոչ թե սաբոտաժ ենք արել, ոչ թե մարդկանց դրդել ենք հակապետական քայլերի…
Մենք երկու օր մարզպետին զանգեցինք, հետո մարդ ուղարկեցինք, մարզպետը զբաղված էր, չպատասխանեց։ Իմ կոլեգան՝ ուրիշ ֆաբրիկայից, ասաց՝ մի վռազի, Բագրատ ջան, քաղաքի պարետը մարզպետն է, մի հատ դիմենք իրեն, տեսնենք ինչ կասի։
Զանգեցինք մի քանի անգամ, չպատասխանեց, մարդ ուղարկեցինք, պատասխանել էին, որ կարանտինի պատճառով օնլայն են աշխատում։
Կարող է պատահի էմոցիաների տակ մի քիչ շտապեցինք, հիմա ինչ անենք, կախվե՞նք։ Այնպես չէ, որ կատաստրոֆիկ սխալ արեցինք։ Մենք ասում ենք՝ ոչ մի օգնություն չենք ուզում, խնդրում ենք, աղաչում ենք՝ թույլ տվեք աշխատենք, մեր աշխատավարձը վաստակենք։
Մարդիկ էլ գրանցված աշխատող են, բայց ոչ մի բանից չեն օգտվում։ Աջակցության ծրագրերը նրանց չեն վերաբերում։ Ես էլ այդքան հնարավորություն չունեմ, կարող է 10 հազար դրամ կարողանամ տալ, բայց եթե նույնիսկ 50 հազար դրամ տամ ամենքին, դա կլինի 130 մլն դրամ, ես այդքան փող չունեմ։
Բացի դա, արտերկրի գործընկերների նամակներն են շատ, ամոթ է, տարիներով այդ մարդկանց համոզել են, բերել ենք, Հայաստան ենք հասցրել, հաճույքով աշխատում են մեզ հետ։ Ի՞նչ անենք, ոչ մեկը չի լսում, մի հատ գոնե SOS-ի կոճակ սեղմենք, ասենք՝ փրկեք, խեղդվում ենք, մի բան ասեք մեզ։
Ավստրիայից մի հանրաճանաչ ընկերություն կա, այնքան է կապված մեր ֆաբրիկայի հետ, խնդրում է, ասում է՝ ես մեր ընկերության ինքնաթիռով կգամ, մենք Ավստրիայի օդանավակայանում կստուգվենք, կորոնավիրուսի սերտիֆիկատ կվերցնենք, կնստենք ինքնաթիռ ու կգանք Հայաստան։
Ասում են՝ խնդրում ենք, կառավարությունում ու պարետին ասեք, որ մեզ չբռնեն 15 օր կարանտինի տակ պահեն, որովհետև ես 15 օր չեմ կարող Հայաստանում մնալ։
Ես նամակը նամակի վրա ուղարկեցի կառավարություն, ոչ մի պատասխան։ Այդ մարդը պատվեր ունի, տեխնոլոգը պետք է գա ցույց տա, ամեն օր խաբում եմ, ժամկետները հետաձգում։
Գերմանական մեկ այլ ընկերություն էլ դիմեց, խնդրեց բժշկական հագուստներ կարել իրենց համար, ասաց՝ Գերմանիայում շատ ծանր վիճակ է։ Այդ ո՞նց է՝ մասկա կարողներն աշխատում են, մենք էլ ենք ուզում աշխատել։ Ամիսը 50 հազար եվրո ես վարկ եմ վճարում, բա որ չաշխատեմ, ձեռքիցս առնե՞ն էս շենքը։
Ինչո՞ւ է մարզպետն ասում, որ ես եմ բերել մարդկանց, ինչի՞ց է ենթադրում, եկել է, հետաքննությո՞ւն է անցկացրել։ Միլիցիայի պետը եկել, գնացել այդպես է ասել։ Ինձ էլ ասեց՝ դերասան ես։ Ես էլ ասացի՝ դերասանը դու ես, սա է ամբողջ պատմությունը