Ալեն Սիմոնյանը դեռ «Նաիրի» բժշկական կենտրոնում է, որտեղ այս պահին ողջ Ազգային ժողովն է հավաքվել

Հրապարակը գրում է , որ այսօրվա ծեծկռտուքից հետո Արթուր Դանիելյանին եւ Ալեն Սիմոնյանին բժշկական օգնություն են ցուցաբերել, ապա Դանիելյանին տարել են Կենտրոնի ոստիկանություն։

Իսկ Ալեն Սիմոնյանը դեռ «Նաիրի» բժշկական կենտրոնում է, որտեղ այս պահին ողջ Ազգային ժողովն է հավաքվել։ Մենք տեղեկացանք, որ նա, ամենայն հավանականությամբ, ուղեղի ցնցում է ստացել՝ գոնե բժիշկների նախնական ախտորոշմամբ։

Հիվանդանոցում գտնվող «Իմքայլականները» վրդովված են կատարվածից, նրանք ակտիվ ստատուսներ են գրում ֆեյսբուքում եւ չեն թաքցնում իրենց հիացմունքը ձեռնամարտի բռնված ԱԺ փոխնախագահի հասցեին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, այդ թվում` Արթուր Դանիելյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Այնուհետև Արթուր Դանիելյանը ոստիկանության բաժնից տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը։

ՀՀ ոստիկանությունը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի ահազանգը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վրա հարձակվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվույթան վարչությունից։

«Նման բովանդակությամբ ահազանգ ստացել ենք, ոստիկանությունում համապատասխան գործողություն է իրականացվում»,- ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- գրել է Բաբաջանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ