Գավառում միջադեպի փաստով կան 5 ձերբակալվածներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:

2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել են, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

2020թ. ապրիլի 28-ին «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Պարզվել է նաև, որ Զ. Պարոնիկյանի և Վ. Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը և Վ. Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել են հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել վերջիններիս վրա և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:

Դեպքերի առթիվ 2020թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով:

Բացի այդ, 2020թ. ապրիլի 28-ին` ժամը 17։00-ի սահմաններում, տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում, որի ժամանակ սպանվել են Գավառ քաղաքի բնակիչ Զ. Պարոնիկյանը և Նորատուս գյուղի բնակիչ Վ. Ավետիսյանը, վնասվածքներ են ստացել նաև Նորատուս գյուղի բնակիչներ՝ Հ. Հակոբյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Սարգսյանը, Ս. Մելոյանը, Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը:

Վ. Ավետիսյանի և Զ. Պարոնիկյանի հարազատները և ընկերները, բազմաթիվ անձինք, կարծելով, որ նրանց սպանությունը կատարել են Գավառի հիվանդանոցում գտնվող բուժօգնության դիմած Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը, շրջափակել են Գավառի հիվանդանոցի մուտքերը, այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, մուտք են գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռները, ինչպես նաև՝ հիվանդանոցում գտնվող գույքը:

Դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:

2020թ. ապրիլի 28-ին որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներից կազմված քննչական խմբին:

Կազմվել է քննչական պլան, կատարվել և կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալվել է 5 անձ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ