Երևան քաղաքի ավագանին որոշում կայացրեց լուծարել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն։
Այս մասին որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ։
Զեկուցողը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշեց, որ ընկերության 74 աշխատակցից 62-ի հետ արդեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծվել են աշխատանքային պայմանագրերը:
«Երևանի ենթակայությամբ գործող այս ՓԲԸ-ի կողմից մատուցվել են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ։ Ներկայումս ընկերությունում ընթացիկ աշխատանքները համակարգելու համար աշխատում է 12 ֆիզիկական անձ»,- նշեց Բաբինյանը։
«Բարգավաճ Հայաստան կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը փորձեց զեկուցողից պարզել, թե ինչ ճակատագիր է ունենալու դիսպանսերի շենքը։
Բաբինյանն ասաց, որ շենքը գտնվում է բավականին լավ վիճակում, գուցե լինեն բիզնես առաջարկներ, որոնք կքննարկվեն և նպատակահարմար լինելու դեպքում կծավալվի որևէ գործունեություն։
Բաբինյանը նաև ընդգծեց, որ ստացիոնար բուժում ստացողները բուժումը կիրականացնեն Աբովյանում, իսկ ամբուլատոր բուժում ստացողները՝ դեղորայք կստանան իրենց վարչական շրջանի պոլիկլինիկաներից։
Որոշումն ընդունվեց 34 «կողմ», 6 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով։
Այս նախագծին դեմ էին դիսպանսերի աշխատակիցները, նրանք բողոքի ակցիա էին իրականացնում։