Ամուսիններն ապօրինի ձեռք են բերել և իրենց դեղատանը վաճառել են Լիրիկա հոգեմետ դեղահաբեր

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝  համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։

Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում Լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից Լիրիկա էր գնել։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին Լիրիկա հոգեմետ դեղահաբեր։

Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ապրիլի 24-ին իրավապահները, դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերեցին և առգրավեցին Լիրիկայի 70-ից ավելի հաբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ամուսինները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ