«Վիրուսը չէ, որ վտանգավոր է․ երբեմն մարդիկ վիրուսից ավելի վտանգավոր են»․ Արտո Թունջբոյաջյան

«Բամբիռ» և «Լավ էլի» սիրված ռոք խմբերը ապրլի 20-ին իրենց երկրպագուներին տոն նվիրեցին՝ օնլայն համերգով կատարելով լավագույն ստեղծագործությունները: Իսկ մինչ այդ օնլայն համերգով ելույթ էին ունեցել Արտո Թունջբոյաջյանը, Նարեկ Հախնազարյանը, Նարեկ Համասյանը:
«Առաջին լրատվական»-ը օնլայն տեսակապով զրուցել է Արտո Թունջբոյաջյանի հետ, ով Նյու Յորքում է, որտեղ տխուր ռեկորդներ են գրանցվում կորոնավիրուսով հիվանդացության և դրա հետևանքով մահացության թվերի արձանագրությամբ:

«Շատ վտանգավոր պահ է, պետք է պատասխանատվություն ունենանք, զգոն լինենք: Այս վտանգավոր ժամանակը կանցնի, կարևորը հասկացողությունն է, թե ինչ է մարդը, ինչ է բնությունը: Ինձ նման մարդկանց՝ ստեղծագործողների համար շատ բան չի փոխվել, միայն ճամփորդություններն են չեղարկվել: Ակտիվ աշախատանք իրականացնողների համար, իհարկե, դժվար է տանը մնալը, բայց պետք է համբերել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ տարածված տեղեկությունների, ինքնամեկուսացման այս շրջանում ԱՄՆ-ում բարձր ցուցանիշներ է գրանցել զենքի վաճառքը, Արտո Թունջբոյաջյանն ընդգծեց, որ զենք ձեռք բերելը վկայում է մարդու մտածողության ձևի մասին. «Վիրուսը չէ, որ վտանգավոր է․ երբեմն մարդիկ վիրուսից ավելի վտանգավոր են․վտանգավոր մարդուց ավելի մեծ վիրուս չկա»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կորոնավիրուսով պայմանավորաված ինքնամեկուսացված մարդկանց տրամադրությունը կարևոր է. «Արվեստի ստեղծագործություններին օնլայն հաղորդակից դառնալով՝ մարդիկ կարող են տեսնել այն, ինչ կենդանի շփման ժամանակ չեն նկատում, և դա կարող է ավելի մեծ հարգանք առաջացնել արվեստի գործերի նկատմամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ