Քոչարյանն ու նրա պաշտպանները չեն ճանաչում պետությունը, նրա ազատման հարցը պետք է բացառել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Նոր միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը, և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, պաշտպանները համարում են, որ նա տարիքային ռիսկային խմբում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ղեկավար, փաստաբան Լուսինե Հակոբյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռ. Քոչարյանին իրականում վտանգ սպառնում է, թե ոչ, նշեց, որ վարակի տարածման առումով միգուցե մեկուսարաններն ավելի ապահով են, քանի որ այնտեղ մարդկային շփումներն ավելի սահմանափակ են: «Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը այդ տեսանկյունից բարձրացնելը ճիշտ չեմ համարում, որովհետև կալանավայրերում ,պայմանական ասած, խոցելի խմբի շատ ազատազրկված անձինք կան, և այդ դեպքում բոլորին պետք է ազատել, ինչու պետք է բացառություն անել հենց միայն Ռ. Քոչարյանի համար, մյուսներն արդյո՞ք իրավունք չեն ունենա բարձացնել խտրական վերաբերմունք ցուցաբերելու հարցը:

Եվ երկրորդ՝ Քոչարյանի առողջության հետ կապված բարձրաձայնումները հավաստի չեն թվում՝ հաշվի առնելով իր հայտարարությունները, որ ինքը միանգամայն առողջ է, զբաղվում է յոգայով և այլն: Քոչարյանը պետք քաջություն դրսևորի, կանգնի արդարադատության համակարգի առջև և ոչ թե ծերունական անօգնականության շղարշի ետևում թաքնվի: Դա հարիր չէ ՀՀ-ում նախագահի պաշտոն զբաղեցրած անձին»:
Փաստաբանը նաև նկատեց, որ իրենց պաշտպանյալին կրթելու, նրա մեջ հեղափոխություն առաջացնելու փոխարեն, նրա պաշտպանները որդեգերել են քոչարյանական սպառնալիքի ոճը: «Քոչարյանն ու նրա պաշտպանները չեն ճանաչում պետությունը»,- ընդգծեց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով նաև, որ նրա ազատման հարցը պետք է բացառել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ