Հայաստանյան Առաքելական եկեղեցին ապրիլի 26-ին նշելու է Աշխարհամատրան կիրակին (Կանաչ կիրակի)։
Հիսուս Քրիստոսի Հարության` Ս. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման:
Այս եկեղեցին համարվում է Սիոնի վերնատունը, որտեղ Հիսուս Քրիստոս հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը:
Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ։
Եկեղեցին լինելով մեկ՝ խորհրդով երկու մաս ունի՝ հին ու նոր: Հինը ձևավորվել է դրախտում վերցվելով Ադամի կողից, և աճել մինչև Քրիստոս, իսկ Նորը շինվեց Գողգոթայի վրա՝ Քրիստոսի կողից, և աճելու է մինչև աշխարհի վախճանը: Ինչպես Հին եկեղեցին Ադամի զորությամբ էր, այդպես էլ Նորը՝ Քրիստոսի: Հին եկեղեցու մասին ասված է. «Աներևույթ էր ու անպատրաստ» , իսկ Նորի համար ասված է. «Աստված ասաց Լույս լինի և եղավ»: Հնում եկեղեցին անտեսանելի էր ու զուրկ գեղեցկությունից և միայն Հրեաստանում էր երևելի, իսկ Նորը Սուրբ Հոգու իջմամբ գեղեցկացավ, Քրիստոսի հավատով լուսավորվեց և եղավ երևելի բոլոր ազգերի մեջ:
Եկեղեցին, հնի ու նորի բաժանվելով, չի կորցնում իր միությունը, քանզի Հին եկեղեցում կատարվող կարգերը ստվերներն էին Նոր եկեղեցու կարգերի՝ ըստ այս խոսքի. «Արդարև, Օրենքը հանդերձյալ բարիքների ստվերն էր, և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը» (Եբր. Ժ 1): Անմահ Գառան մորթվելով՝ ստվերական օրենքներն ինքըստինքյան վերացան, ինչպես արեգակի ծագումով չքանում են ստվերները: