Հայոց ցեղասպանության հետ կապված Թուրքիայի նկատմամբ պաշտոնապես ձևակերպված պահանջ չկա, սակայն քաղաքագիտության, իրավագիտության, ինչպես նաև միջազգային իրավունքի մեջ կա. ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Վիլսոնյան Իրավարար վռով նախագծված վիլսոնյան Հայաստանը և, Սևրի պայմանագիրը հենց այդ ձևակերպումներն են, Իսկ պետությունը, որքան գիտեմ, պահանջ չունի: Չունի, որովհետև թույլ է, հզորություն չունի: Եթե հզոր պետություն լիներ, պարզ է, որ կձևակերպեր»,- ասաց Շիրինյանը:
Նրա դիտարկմամբ՝ մի պետություն, որը գող-ավազակները քայքայել են, կոռուպցիան խեղդում է հասարակությանը՝ այդ պետությունը արդյո՞ք ուժ կունենա նման հարցեր լուծելու:
«Նման հարցեր լուծելու դեպքում պետք է բախվել Թուրքիայի և այլ խոշոր տերությունների հետ: Մի երկիր, որտեղ նախագահները շարքային գողեր, գրպանահատներ են եղել, ինչպե՞ս կարող է այդ պետությունը այդպիսի հարցեր լուծել»,- ասաց քաղաքագետը և հավելեց, որ նախ՝ պետությունը պետք է հզորանա, երկրորդ՝ տեսական հետազոտությունները պետք է շարունակվեն և երրորդ՝ միջազգային հարաբերություններում իրավունքները պետք է պաշտպանվեն, սա պետության մասով։
«Իսկ Հայ դատի գրասենյակը և Հայկական ասամբլիան ԱՄՆ-ում և այլ միջազգային կառույցներ շարունակաբար հետապնդում են Հայկական հարցը և 70 տարվա պայքարի արդյունքը եղավ այն, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը՝ երկու պալատներով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս հարցը պետք է լավ ուսումնասիրվի միջազգային իրավունքի տեսակետից և տեղափոխվի միջազգային համապատասխան դատարաններ, բայց նախ և առաջ՝ պետությունը պետք է կարգի բերել: Պետք է պատժվեն կողոպտիչները և թալանը ետ բերվի, որպեսզի պետությունը ուժ ունենա»,- ասաց Շիրինյանը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարած՝ Արցախի հակամարտության փուլային լուծում ենթադրող փաստաթղթին՝ Շիրինյանն ասաց, որ Լավրովը սուտ է խոսում, իսկ նպատակը Հայաստանի իշխանության նկատմամբ ճնշում բանեցնելը և մանիպուլացիայի ենթարկելն է:
«Մենք պարտավոր ենք հավատալ ՀՀ արտգործնախարարին, որն ասաց, որ նման փաստաթուղթ չկա, իսկ Լավրովը խժդժություն է ուզում առաջացնել մեր երկրում»,- ասաց Շիրինյանը և կոչ արեց ՌԴ ԱԳ նախարարին՝ զբաղվել իրենց ներքին հարցերով, Ղրիմը և Դոմբասը Ուկրաինային վերադարձնելով, որոնք գտնվում են Ուկրաինայի ճանաչված պետության տարածքում:
Շիրինյանը նկատեց, որ Լավրովը դեռ չէր խոսել՝ արդեն որոշ լրատվամիջոցներ մեկնաբանում էին, իսկ դա նշանակում է, որ կոնսպեկտը նախորոք տվել էին:
«Դա հինգերորդ շարասյունն է, որը մեր տուն մտած օտարի շահն է պաշտպանում: Անհրաժեշտ է, որպեսզի մենք մեր կորդինատները վերանայենք, հասկանանք մեր պետական շահը և շարժվենք առաջ»,-ասաց քաղաքագետը:
Շիրինյանի դիտարկմամբ՝ Վեհափառի՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու օգտին հանդես գալը, վարչապետի ուղերձի հետբեմյան կադրերի արտահոսքը, հիմա էլ Լավրովի հայտարարությունը հետապնդում է մեկ նպատակ:
«Այս բոլորը արվում է Քոչարյանի օգտին, որպեսզի նրան ազատ արձակեն, իսկ Ռուսաստանի նպատակը՝ Հայաստանին անընդհատ ճնշման տակ պահելն է, իսկ Քոչարյանը պարզապես առիթ է. Նրա փոխարեն կարող էր մեկ ուրիշը լինել»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ նոր Հայաստանը դժվարությամբ, ցավով, բայց ծնվում է։