Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի․ բոլորը Վարդենիսից են

ՀՀ Գեղարքունիքի մարզում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի, բոլորը Վարդենիս քաղաքից են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մեր մարզում հաստատված 47 դեպքից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից 1-ը բժիշկ է։ Պոլիկլինիկայում ունենք հաստատված 9 դեպք, որից 2-ը՝ բժիշկ»,- նշեց Սանոսյանը։

Նրա խոսքով այս պահին ցանկանում են հասկանալ, թե ում հետ է շփվել առաջին վարակակիր բժշկուհին և որտեղից է վարակվել։ «Պարետի որոշմամբ՝ առավոտյան ժամը 08։00-ից Վարդենիսում սահմանվել է տեղաշարժի գրաֆիկ և ելքերի ու մուտքերի մոտ հինգ անցակետ է սահմանվել», — ասաց մարզպետը։

Սանոսյանը հայտնեց, որ Վարդենիսի պոլիկլինիկան այս պահին չի աշխատում, հիվանդանոցն էլ գործում է մասնակի, և անհրաժեշտության դեպքում հիվանդները կտեղափոխվեն Մարտունու բժշկական կենտրոն: Արդեն երկու օր է Վարդենիս քաղաքի ծննդօգնության ծառայությունը իրականացվում է Մարտունիում։ Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մոտ 150 մարդ մեկուսացվել է և տեղափոխվել Երևանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներ։

Հայաստանում ապրիլի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1473 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 14 հազար 966 թեստ։ Հայաստանում ապրիլի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 24-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 633։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 816 պացիենտ: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ