Կարիքավոր ընտանիքներին օգնության կարգով կաղամբ է հատկացվել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Շողակաթ խոշորացված համայնքների առանձին բնակավայրերում շուրջ 360 անապահով ընտանիքի օգնության կարգով կաղամբ է բաշխվել:

Ինչպես «Արմենպրես»ին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ավելի քան 15 տոննա կաղամբը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական նախաձեռնությամբ եւ մարզպետարանի միջոցներով գնվել է Զոլաքար համայնքի տնտեսություններից, տեղափոխվել եւ տեղերում բաշխվել:

Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի հավաստմամբ՝ շուրջ 10 տոննա կաղամբ բաշխվել է Ճամբարակ քաղաքում, Գետիկ, Մարտունի, Թթուջուր, Վահան բնակավայրերում: Օգնությունը տրամադրվել է շուրջ 300 ընտանիքի:

Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի հավաստմամբ՝ օգնությունը՝ 5 տոննա կաղամբի չափով, բաշխվել է Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղերի 60 ընտանիքի: Կաղամբի տեղափոխման ծախսերը հոգացել է Զոլաքարի համայնքապետարանը: «Դժվար է ասել, թե որքան կպահպանվի արտակարգ դրությունը, ինչը խանգարում է մեր տնտեսություններին՝ իրենց բերքը ժամանակին իրացնելու, ուստի մեր տնտեսությունների համար սա չափազանց օգտակար ու կարեւոր քայլ էր»,- նշել է  Զոլաքար համայնքի ղեկավարը:

Բացի այդ, ապրիլի 20-ի դրությամբ  ավարտվել է  եւս 7,5 տոննա կաղամբի բաշխումը՝ այս անգամ արդեն Ճամբարակ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ