Բնակարանների գնման վկայագրերի հերթական խմբաքանակը տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին

ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունը բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակն է հանձնել Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից։

«Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր՝«Նաիրի» և Սեբաստիա 3/9 հանրակացարաններ։

2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» և Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշումները։

Այդպիսով, Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվում են բնակարանի գնման վկայականներ։ Մասնավորապես,  ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված  ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման աշխատանքները, հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը, տարանջատվել են ըստ առաջնահերթության:Միգրացիոն ծառայությունն առաջնորդվել է ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ), և ընդգրկել է մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները: Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես  լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքները նախարար Սուրեն Պապիկյանը ծրագրի շահառու առաջին քսան ընտանիքներին հանձնեց բնակարանի գնման վկայականներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ