Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Հայաստանին կտրամադրվի կորոնավիրուսի նոր տեսակի 2000 թեստ։
«Արմենպրես»—ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
«ԱՄՆ կառավարությունը շուրջ 6 մլն ԱՄՆ դոլարի ծրագիր է նախաձեռնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, որի շրջանակներում անդամ երկրներին տրամադրվելու են կորոնավիրուսի ախտորոշիչ թեստավորման փաթեթներ, որոնք հատուկ միջուկային փորձարկումների հետևանքով ստացված մեթոդի շնորհիվ որոշում են արդյունքները ժամերի ընթացքում»,- ասաց փոխնախարարը։
Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 609 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: