Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ապաքինվածների կեսից մի փոքր ավելին կանայք են: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են:
Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության:
Միջին ծանրության ընթացք է եղել 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:
Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների 609-ն են։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ, նրանց թվում վեցը 70 տարեկանից բարձր են։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: