Աշխատանքից ազատման դիմում է գրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Պատճառը հայտնի է՝ վարչապետի ուղիղ եթերի հետ կապված սկանդալային պատմությունը, որի համար պատասխանատվությունը կիսելու մասին է հայտարարել Գրիգորյանն ու հայտարարել պաշտոնից հեռանալու մասին:
Ո՞վ է եղել սկանդալային պատմության մեղավորը, ու՞մ անմիջական պատասխանատվությամբ է տեղի ունեցել այն, ինչ դարձավ աղմուկի պատճառ: Այդ հարցերի անմիջական պատասխանները գոնե առայժմ հանրությանը հայտնի չեն, թե ինչ է եղել՝ քայլ առ քայլ, գործառույթ առ գործառույթ:
Այն, որ պատասխանատու օղակների շարքում է Հանրայինի գործադիր տնօրենը, անկասկած է, ինչպես որ անկասկած է նաեւ պատասխանատու օղակների առկայությունը ընդհուպ վարչապետի աշխատակազմում: Հնարավոր է, որ պատասխանատուների հեռացման շղթան դեռ կշարունակվի: Առայժմ կա առաջին թիրախը, որ առաջացավ սկանդալից գրեթե անմիջապես հետո:
Ի դեպ, հենց այդ հանգամանքն առաջացնում է հարցեր՝ արդյոք Մարգարիտա Գրիգորյանը մոտիվացված էր գնալու մի քայլի, որի թիվ մեկ պատասխանատուն դիտարկվելու էր հենց ինքը, հայտնվելով հանրության թիրախում: Առավել եւս, երբ նա այդ թիրախում էր հեղափոխությունից անմիջապես հետո, կապված այն հանգամանքի հետ, որ Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում:
Նիկոլ Փաշինյանը չգնաց նրան փոխելու քայլին, թեեւ տարբեր շրջանակներից հնչում էին կոչեր: Միեւնույն ժամանակ, Փաշինյանն ինքն էլ թերեւս լավ է պատկերացնում Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնի հանդեպ հավակնություն ունեցող անձանց եւ խմբերի շրջանակը:
Մեծ հաշվով, պետք է արձանագրել, որ չնայած Հանրայինի բովանդակային աշխատանքի հանդեպ տարբեր գնահատականներին, այդուհանդերձ չի եղել Նիկոլ Փաշինյանին հարվածի որեւէ դեպք, սկանդալի որեւէ առիթ, եւ տեղի ունեցածը մեծ հաշվով առաջինն էր, իհարկե բավական աղմկոտ: Բայց, դրանով հանդերձ, ի՞նչ էր դրված լինելու այսպես ասած սեղանին Մարգարիտա Գրիգորյանի համար, որ նա ներգրավվեր վարչապետի դեմ այդօրինակ գործարքի մեջ: Կամ, այդ գործարքի կազմակերպիչներն այդ ինչի՞ հասան, կամ ինչի՞ էին ակնկալում հասնել, որ կարող էին Մարգարիտա Գրիգորյանին շահագրգռել կարիերան զոհաբերելու աստիճան:
Հազիվ թե այստեղ կան ռացիոնալ անմիջական մոտիվներ, որոնք թույլ կտան տեսնել Գրիգորյանին որպես «դավադրության» մասնակից: Միեւնույն ժամանակ, կան մի շարք հարցեր, որոնք թույլ կտան տեսնել, թե Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնն ազատելը որքան ցանկալի կարող էր լինել շատերի համար, առավել եւս այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ ԱԺ-ն Հանրայինին վերադարձրել է գովազդի, այլ կերպ ասած փող աշխատելու իրավունքը:
Հետեւաբար, մեծ է հավանականությունը, որ Մարգարիտա Գրիգորյանի «ձեռքով»՝ ակամա, շագանակ է հանվել կրակից որեւէ մեկի համար: Համենայն դեպս, հետաքրքիր է հետեւել ընթացքին: Որովհետեւ մամուլում եղել է նաեւ տեղեկություն Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Այսինքն, սադրանքի թիրախը գուցե շատ ավելի լայն է: Կմնա՞ Շիրինյանը, թե ոչ:
Համենայն դեպս անկասկած է, որ արդեն իսկ գործ ունենք փոփոխության որոշակի մասշտաբի հետ, որն իրենից ներկայացնում է ամենեւին ոչ լոկ մենեջերական լուծում:
Նյութի աղբյուր՝ Լրագիր