Կորոնավիրուսից բուժվել է 86-ամյա քաղաքացի

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում 55 հիվանդ, որոնցից 42-ը մարզի բնակիչներ են: Այդ մասին SHANTNEWS.am-ին  հայտնեցին Շիրակի մարզպետարանից:

Մարզում առողջացածները 10-ն են: Նրանցից մեկը, ի դեպ, 86 տարեկան է:

Շիրակի մարզում արձանագրվել է մահվան 3 դեպք:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվով ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4%-ի սահմաններում։

«Վերլուծելով վերջին մեկ շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը՝ կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4%-ի սահմաններում:

Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատանվում է 700-800-ի սահմաններում:

Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու:

Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե’ մարզային, թե’ Երևանի բուժհաստատություններում: Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար, և երկրորդը՝ որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների»,- տեղեկացրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ